Վաղը կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը

Մանրամասներ

Վաղը՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը՝ նշելով, որ եթե խոչընդոտող ուժեր լինեն, ՔՏՀԱ-ն կդիմի գործընկեր կառույցների օժանդակությանը, որպեսզի տեսչական մարմնի որոշումը իրականացվի:

Հիշեցնենք՝ տեսչական մարմնից հայտնել էին, որ տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։ Ժամանակ էր տրվել թերությունները շտկելու համար, սակայն տնտեսվարողը տեսչական մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։

Առաջիկայում ևս կլինեն այլ օբյեկտներ կամ խոշոր կազմակերպություններ, որոնց գործունեության կասեցման կամ փակման մասին կհայտարարվի, սակայն տեսչական մարմինը դեռևս անուններ չի կարող հնչեցնել։