ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանում ԵՄ առաքելության նախաձեռնությունը

Մանրամասներ

Միացյալ Նահանգները ողջունում է գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ միտված տարածաշրջանում վստահության ձևավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղղակի երկխոսության համար նպաստավոր միջավայրի ապահովմանը. այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան։

Դիմել էինք դեսպանատուն՝ խնդրելով դիրքորոշում հայտնել հայ-ադրբեջանական սահմանին երկամյա ժամկետով քաղաքացիական դիտորդներ տեղակայելու՝ ԵՄ որոշման վերաբերյալ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատասխանում ասվում է. «Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին: Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ միտված տարածաշրջանում վստահության ձևավորմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղղակի երկխոսության համար նպաստավոր միջավայրի ապահովմանը: Երբ արդյունավետ է, մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր գործընկերների և ուղղակիորեն կողմերի հետ»։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր երկու տարի ժամկետով Հայաստան գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու նախաձեռնությանը՝ նշելով, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Ըստ էության՝ ռուսական կողմը նման հայտարարությամբ իր դժգոհությունն է հայտնել ԵՄ նախաձեռնությանը։