Ուժի մեջ է մտել հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրը

Մանրամասներ

Հայ-վրացական սահմանի հատման պարզեցված ռեժիմի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել։ Կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է Վրաստանի օրենսդրական տեղեկագրի կայքում։  

Համաձայնագիրը, որի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կկարողանան միջպետական սահմանը հատել առանց անձնագրի՝ անձը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերով, ստորագրել են Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարներ Իրակլի Ղարիբաշվիլին եւ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հունվարի 12-ին, հաղորդում է Sputnik-Գրուզիան։ 

Որոշման համաձայն՝ կառավարությունը հաստատել է «Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետությունների միջեւ քաղաքացիների երկկողմանի անայցագիր տեղաշարժի մասին» ստորագրված համաձայնագիրը։

Որոշմամբ  արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է համաձայնագրի կնքման մասին տեղեկացնել Վրաստանի նախագահին եւ Խորհրդարանին, ինչպես նաեւ տեղեկացնել Հայաստանի իշխանություններին համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: