ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

Մանրամասներ

ԱՄՆ կոնգրեսականները Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւ են ներկայացրել եւ կոչ են արել նախագահ Ջո Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը եւ անվտանգության ոլորտում աջակցությունը Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։

Բանաձեւի համահեղինակներն են՝ Ֆրենկ Փալոն-կրտսերը, Դեւիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը եւ Բրեդ Շերմանը։

Երկկուսակցական բանաձեւում նշվում է, որ «ադրբեջանական ուժերը խախտում են Հայաստանի եւ Արցախի հետ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորությունները»՝ 2020 թվականին Արցախ իրենց լայնածավալ չհրահրված ներխուժումից հետո։

Նշվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խայթող հռետորաբանություն է կիրառել՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, եւ նրա վարչակարգը 2020 թվականի պատերազմի ընթացքում եւ առ այսօր հետեւողականորեն խախտել է կարեւոր միջազգային մարդասիրական իրավունքի համաձայնագրերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը եւ Ժնեւի կոնվենցիան»:

Բանաձեւում ընդգծվում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության մեջ «հստակ ասվում է, որ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ՝ առանց Շուշիի տարածքով անցնելու, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ…. Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը»։

Չնայած դրան, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին «Ադրբեջանը ստեղծել է արհեստական հումանիտար ճգնաժամ՝ քաղաքացիական բողոքի քողի տակ իրականացնելով Լաչինի միջանցքի երկարատեւ շրջափակում, ինչը հանգեցրել է վտանգավոր էսկալացիոն քայլերի»։

Լաչինի միջանցքի փակումը, որը որպես Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական երթուղի է ծառայում, խոչընդոտում է սննդի, կարեւոր դեղամիջոցների եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առաքումը 120 000 մարդու եւ «լրջորեն խաթարել է Արցախում ապրող մարդկանց, ներառյալ 30 000 երեխաների, 20 000 տարեցների եւ 9000 հաշմանդամների կյանքի որակը, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքների դիվերսիաները, ինչպիսիք են կարեւոր գազատարը, էլեկտրահաղորդման գծերը եւ ֆիքսված ինտերնետը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը բազմիցս զգուշացրել է, որ «Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետեւանքներ ունի եւ արգելակում է խաղաղ գործընթացը» եւ հրապարակայնորեն կոչ է արել «Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»։

Ի լրումն Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտելու, Ադրբեջանին ԱՄՆ-ի եւ մարդասիրական օգնության անհապաղ դադարեցման կոչի, բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը դիմել Միջազգային դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան կամ այլ համապատասխան միջազգային տրիբունալներ եւ «ձեռնարկել համապատասխան քայլեր՝ ադրբեջանական ուժերի կողմից կատարված բոլոր ռազմական հանցագործությունները հետաքննելու համար», ինչպես նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին միջազգային դիտորդներ ուղարկել Լաչինի միջանցք եւ Արցախ՝ «անվտանգության եւ խաղաղ զարգացման համար ավելի արդյունավետ եւ կայուն երաշխիքի հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով»:

Բանաձեւը նաեւ կոչ է անում «գործող իրավական լիազորություններին համապատասխան՝ սահմանել ԱՄՆ պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղի շրջափակման եւ տարածաշրջանում հայերի նկատմամբ մարդու իրավունքների այլ խախտումների համար, որոնք լավ փաստագրված են»:

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը դադարեցնել հայ ժողովրդի էթնիկ զտումների եւ Հարավային Կովկասի տարածաշրջանն ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը՝ հանուն սեփական շահի»,- ասել է Կոնգրեսի հետ ԱՀՀ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը։