Բաքվի պլանը հետևյալն է․ մի քանի օրով բացել Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը կլքեն իրենց տները, ապա կրկին փակել, այսպես շարունակ՝ մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը․ Փաշինյան (տեսանյութ)

Մանրամասներ

Արդեն 46 օր Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը խաթարված է և հումանիտար ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԼՂ-ում հովհարային անջատումներ են, որովհետև Ադրբեջանը խափանել է նաև ԼՂ-ն հոսանքով ապահովող գծերի աշխատանքը, բնակչությանը առաջին անհրաժեշտության ապրանքներ մատակարարվում են կտրոնային համակարգով։ Այս ամենով Ադրբեջանի իշխանությունը մի նպատակ է հետապնդում՝ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը։ Ընդ որում՝ մեր ունեցած տեղեկություններով, Բաքվի պլանը հետևյալն է․ ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը, հետո կրկին մի քանի օրով բացել և այսպես այնքան՝ մինչև վերջին հայը կլքի Ղարաբաղը։ Սա էթնիկ զտման բացահայտ քաղաքականություն է։ Եթե մինչ, այս միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերում ԼՂ հայությանը էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի մտադրությունների մասին մեր  ահազանգերին, հիմա այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով  միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում»,- ասաց Փաշինյանը։

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի նպատակը,  ԼՂ հայերին իրենց տներից արտաքսելուց բացի, նաև խաղաղության օրակարգը տապալելն է և տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելը։