Ուկրաինայի պաշտպանության նախարարը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է հայտնվել

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ կառավարությունում կոռուպցիայի հետաքննությունը ցնցել է երկիրը, գրում է Politico-ն։

«Պատերազմի ընթացքում Կիեւի պաշտոնյաներն ամեն կերպ ձգտել են ցույց տալ, որ ազգը համախմբվում է եւ ակտիվացնում է կոռուպցիայի դեմ պայքարի իր ջանքերը՝ փորձելով գծել ԵՄ-ի (անդամակցության) ուղին, ուստի վերջին բացահայտումները մեծ հարված են դարձել։

Երկու հետաքննություններն էլ կապված են պատերազմի շահարկումների հետ: Նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է շտապ քայլեր ձեռնարկել։ Պաշտպանության նախարարության հետ կապված գործը վերաբերում էր ուռճացված գներով ռազմական օրապահիկների գնմանը, մի թեմա, որը դարձել է Կիեւի գլխավոր լուրը։ Գրեթե միաժամանակ աշխատանքից ազատվել է ենթակառուցվածքների փոխնախարարը՝ կապված ուռճացված գնով էլեկտրաէներգիայի գեներատորների գնման հետ։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտնել է, որ հետաքննում է երկու դեպքերն էլ:

Թեեւ Ռեզնիկովն անձամբ չի ստորագրել 13 միլիարդ գրիվնայի (326 միլիոն եվրո) սննդամթերքի պաշտպանական պայմանագիրը, լրագրողներն ու դիտորդներն ասում են, որ նա լիարժեք պատասխանատվություն է կրում եւ պետք է հրապարակայնորեն հայտարարի կոռուպցիայի նկատմամբ իր բացարձակ անհանդուրժողականության մասին: Ռեզնիկովը մեղադրանքները անվանել է զրպարտչական արշավ՝ ուղղված պաշտպանության նախարարության հանդեպ վստահությունը խարխլելուն եւ նրա հեղինակությունը միջազգային գործընկերների շրջանում վարկաբեկելուն:

Մինչ Ռեզնիկովը եռանդուն պաշտպանում էր նախարարության պայմանագիրը, համայնքների, տարածքների եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վասիլի Լոզինսկին գրեթե անմիջապես հեռացվեց աշխատանքից։ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտնել է, որ փոխնախարարը ձերբակալվել է 400 000 դոլար կաշառք ստանալու ժամանակ՝ բարձր գնով էներգետիկ սարքավորումների գնմանը նպաստելու համար։

Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան խոստացել է, որ որոշ կոռումպացված պաշտոնյաներ կազատազրկվեն այս գարնանը։

«Փետրվարի 24-ից բոլոր մակարդակների պաշտոնյաներին պաշտոնական եւ ոչ պաշտոնական ուղիներով անընդհատ զգուշացնում են՝ կենտրոնացեք պատերազմի վրա, օգնեք տուժածներին, նվազեցրեք բյուրոկրատիան եւ դադարեք կասկածելի բիզնեսով զբաղվել։ Նրանցից շատերն իսկապես լսեցին, իսկ ոմանք, ցավոք, չլսեցին»,- գրել է Արախամիան Telegram-ում: «Եթե դա քաղաքակիրթ ճանապարհով չստացվի, ապա կարվի պատերազմի ժամանակների օրենքներով։ Դա վերաբերում է ինչպես գեներատորների վերջին գնումներին, այնպես էլ ՊՆ-ում թարմ սկանդալներին»։

Սկանդալ զինվորի սննդի շուրջ

Հետաքննող լրագրող, հետաքննությունների «Մեր փողերը» կայքի հիմնադիր Յուրի Նիկոլովը, որը ուկրաինական ZN.UA լրատվական կայքի համար պաշտպանական գնումների մասին հոդված է հրապարակել, քաղաքական գործիչներից ցանկանում է տեսնել գործողություններ, ոչ թե խոստումներ:

«Հիմա Ուկրաինան բացառիկ հնարավորություն ունի ցույց տալու, որ մենք այնպիսին չենք, ինչպիսին Ռուսաստանն է, որտեղ ամեն ինչի վրա փող են լվանում։ Եթե ինչ-որ տղա պատերազմի ժամանակ ուզում է մեզնից միլիոնավոր եվրոներ գողանալ, երբ մեր տնտեսությունը 60 տոկոսով կախված է ԵՄ օգնությունից, մենք պետք է կանգնեցնենք նրան»,- ասել է Նիկոլովը Politico-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ իր հոդվածն օգնել է ուշադրություն հրավիրել կասկածելի պայմանագրի վրա դեռեւս մինչ վճարումներ կատարելը։

Հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է, որ հետաքննություն է սկսել ռազմական սննդի գործարքի վերաբերյալ նույնիսկ նախքան Նիկոլովը կհրապարակեր իր հետաքննությունը:

Նիկոլովը ավելի քան 10 տարի հետաքննում է պետական գնումների ոլորտում կոռուպցիան։ Ինչպես շատ այլ ուկրաինացի լրագրողներ, նա դադարել է քննադատել Ուկրաինայի կառավարությանը, որպեսզի չխաթարի Ուկրաինայի ղեկավարության հանդեպ վստահությունը 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում։

Սակայն ամառվա վերջից կառավարությունում Նիկոլովի աղբյուրները սկսել են զգուշացնել նրան հանրությունից թաքցրած կասկածելի պաշտպանական գնումների մասին։ Այնուհետեւ՝ դեկտեմբերին, բանակում նրա աղբյուրները նրան ուղարկել են սննդի եւ հանրային սննդի ծառայությունների համար 13 միլիարդ գրիվնայի պայմանագիր՝ ինչը ներկա սկանդալի հիմքում է: Պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որը կապված է պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյաների հետ:

Պայմանագրի համաձայն՝ Պոլտավայի, Սումիի, Կիեւի, Ժիտոմիրի, Չեռնիգովի եւ Չերկասի շրջաններում տեղակայված ուկրաինական զորամասերը պետք է ստանային առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ երկու-երեք անգամ ավելի բարձր գներով, քան շուկայում է։ Եվ այդ ստորաբաժանումները տեղակայվել են առաջնագծից հեռու։

Ռեզնիկովը հրապարակայնորեն մեղադրել է Նիկոլովին բացահայտումները շահարկելու մեջ եւ խոստացել է հետաքննության ընթացքում համագործակցել խորհրդարանականների եւ իրավապահների հետ։

Նա պնդել է, որ Նիկոլովի որոշ բացահայտումներ, օրինակ՝ ձվի ուռճացված գների մասին տեղեկատվությունը, պարզապես «կապալառուի տեխնիկական սխալն է եղել, որը ցանկացել է ձվի գինը կիլոգրամների համար գրել, այլ ոչ թե հատի համար»։ Սակայն նախկին բոլոր պայմանագրերը ցույց են տվել, որ նախարարությունը միշտ էլ ձուն հատով է գնել։ Ռեզնիկովը հայտնել է, որ պաշտպանության նախարարությանը հաջողվել է բանակի կարիքների համար սննդամթերքի գնման մրցույթ մտցնել, եւ այժմ պայմանագրեր է կնքել ութ մատակարարների հետ։ Այս սննդամթերքի վաճառողներից եւ սննդի բրիգադներից յուրաքանչյուրը կերակրում է կոնկրետ զորամասեր՝ անկախ այն բանից նրանք գտնվում են առաջնագծում, թե ոչ:

«Ուկրաինայում զինծառայողների սննդի առումով «թիկունքում» կամ «առջնագծից հեռու» շրջաններ չկան։ Նա, ով հակառակն է պնդում, զբաղվում է կանխամտածված խաբեությամբ»,- ասել է Ռեզնիկովը։ Այսպիսով, մատակարարները ոչ միայն ապրանքները, այլեւ «զինվորի օրապահիկի» առաքումն ու սնունդն են գնահատում ֆիքսված արժեքով որոշակի կանխատեսելի գնային միջակայքում, պարզաբանել է նա։

Նախարարը հայտարարել է, որ պայմանագրի պատճենը լրագրողին հանձնողը հանցագործություն է կատարել։

Ամռանը նախարարների կաբինետը 1,68 միլիարդ գրիվնա (40 միլիոն եվրո) է հատկացրել ձմռանը գոյատեւելու համար անհրաժեշտ էներգետիկ սարքավորումների ձեռքբերման համար։ Սակայն, ըստ Հակակոռուպցիոն բյուրոյի, գնման համար պատասխանատու պաշտոնյաները որոշել են հավելյալ գումար վաստակել գործարքից։

«Նրանք պայմանավորվել են մի խումբ միջնորդների հետ եւ գնելու պայմանագրեր են կնքել նախապես որոշված տնտեսվարող սուբյեկտների հետ։ Պայմանագրերի արժեքը 280 միլիոն գրիվնոյով (7 միլիոն եվրո) ուռճացված է եղել, ինչը «ատկատ» է դարձել, որը պետք է վճարվեր պաշտոնյաներին նրանց օգնության համար»,- ասել են Հակակոռուպցիոն բյուրոյից:

Լոզինսկու ազատման մասին հայտարարությամբ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը ավելի լայն զտում է խոստացել: «Ես հանձնարարել եմ նախարարության թիմին սկսել ստուգել նախարարության բոլոր առկա նախագծերը մարզերում, այդ թվում՝ բյուջետային միջոցները, միջազգային ֆինանսական կառույցների միջոցները, տեխնիկական նախագծերը»»։