«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի»․ հրդեհից զոհված Հրաչյա Գրիգորյանի տատիկ

Մանրամասներ
պն

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 19-ամյա Հրաչյա Գրիգորյանին այսօր՝ հունվարի 24-ին, հողին հանձնեցին Երեւանի Հաղթանակի թաղամասում գտնվող զինվորական պանթեոնում։

Հրաչը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող էր։ Կես տարի սովորել էր Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժնում, ապա բանակ գնացել։

Հրաչի հայրը, որը արտերկրում է գտնվում, որդու հուղարկավորությանն այդպես էլ չկարողացավ ներկա գտնվել։ Ընտանիքի միակ որդուն՝ Հրաչին, բանակ էին ճանապարհել  նախորդ ձմռանը, մեկ տարի անց՝ օրեր առաջ ստացան նրա մարմինը՝ փակ դագաղով։

«Ցավը միայն զգացողն է հասկանում, ինձ հիմա ոչինչ չի բուժի։ Մի ընտանիք կործանվեց, կործանվեց իմ կատարյալ երիտասարդը, իմ լույսը, իմ ճանապարհը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հրաչի տատը՝ տիկին Պայծառը։

Հրաչը մանկավարժ տատիկի սիրելի թոռնիկն էր։  Պայծառ տատը մեծ դեր էր ունեցել Հրաչի դաստիրակությունում։ Հայրենասեր, ազնիվ, մաքուր՝ այսպես է թոռանը բնորոշում տատը։

«Թերություն չի ունեցել իմ տղան։ Խելացի էր ու ուժեղ, այնքան ուժեղ, որ եթե մատով խփեր, կարող էր դուռն էլ բացել, պատն էլ քանդել, ամեն ինչ էլ անել»,– ասում է նա։

Գրիգորյանները Հրաչի ծառայության ընթացքում մի քանի անգամ այցելել էին նրան, եղել Ազատ գյուղի այն տանը, որտեղ ողբերգական ձեւով ընդհատվեց իրենց որդու եւ եւս 14 տղայի կյանք։ Հրաչի մայրը խոսել չի ցանկանում, ժամանակ առ ժամանակ վրդովմունքով արձագանքում է զրույցին՝ որդու ու ծառայակիցների կեցության ոչ բարվոք պայմանների մասին իրենք մինչեւ այդ էլ էին տեղյակ։ Ինչն է եղել Հրաչի ու մյուսների մահվան պատճառը, ընտանիքի վիշտը չի թողնում հիմա մտածել այդ ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, պաշտոնական նախնական վարկածը նրանց համար այդքան էլ համոզիչ չէ։ Այժմ միայն մեղավորներին պատժված են ուզում տեսնել։

«Մեղավորը պետք է հրապարակայնորեն պատժվի։ Այստեղ միայն իմ երեխայի հարցը չէ․ եւս 14 հիասքանչ երիտասարդ մեր ազգից պակասեց, սա կարծես ցեղասպանություն լինի։ Ինձ միայն պետք է, որ բոլոր մեղավորները պատասխան տան։ Պատկերացնո՞ւմ եք 15 հրաշք, վիրավորների ճակատագիրն էլ դեռ անհայտ է։ Պետք է երկար, մանրակրկիտ ուսումնասիրվի, դա լինելու բան չէր, բոլորս էլ գիտենք։ Բազմաթիվ մեղավորներ կան, ես անգրագետ չեմ, ամեն ինչ հասկանում եմ»,– ասում է Հրաչի տատը։

Նշենք, որ այսօր էլ ավելի վաղ «Հրապարակ» թերթը զրուցել էր հրդեհից զոհված զինծառայող Ռոստոմ Ասրյանի ծնողների հետ։ Լրատվամիջոցի հետ զրույցում Ռոստոմի մայրը՝ Վարդ Ասրյանը, նշել էր, որ ինքը չի հավատում, որ սպան կարող էր 5 լիտրանոց տարայով բենզինը վառարանի մեջ լցնել։

«Փեչը վառվեց, պատուհանները, որոնք այդ սենյակում շատ էին, կոտրեցին, կապիտանը գոռում է, ինչ կարգի անջատված պետք է լինես, որ քնած տեղից չարթնանաս։ Մեր երեխաներին անջատել են, ուղղակի քնեցրել են։ Մեկը մյուսին ձեն կտար, մեկը շորը կհաներ, կգցեր կրակին։ Ո՞նց կարող են 15-18 հոգով, առողջ, ջահել տղամարդիկ այդ տան մեջ քնած մնան»։