Ճիշտ կլիներ՝ «5-րդ ալիք»-ը ներողություն հայցեր հանրությունից. ՀՌՀ նախագահը՝ զորամասի կացարանի հրդեհի տեսանյութը տարածելու մասին

Մանրամասներ

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ «5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված կադրերին: Նշենք, որ «5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրվել է Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի վայրից տեսանյութ:

«ՀՌՀ համապատասխան բաժիններին երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարականներ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը: Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել, հրդեհի կադրերը ուղեկցվել են լրագրողի տեքստով հրդեհի մասին:

Ձայները հնչել են YouTube-ում, եւ կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, եւ ում ձայներն են հչում:

Նախնական եզրակացությունս, կրկնեմ՛ նախնական, հետեւալն է:

1.Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական եւ հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:

2.Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:

Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաեւ կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից»,- գրել է Հակոբյանը: