Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիաներին մասնակցել է 1 միլիոնից ավելի ցուցարար

Մանրամասներ

Ավելի քան 1 միլիոն մարդ Է հինգշաբթի օրը դուրս է եկել ֆրանսիական տարբեր քաղաքների փողոցներ՝ բողոքելու կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հաղորդում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։

Այդ մասին տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Գերատեսչության տվյալներով՝ ցույցերին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1,12 մլն մարդ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ Փարիզում ակցիաներին մասնակցել է 80 հազար մարդ։ Արհմիություններն իրենց հերթին ցուցարարների թիվը գնահատում են գրեթե կրկնակի ավելի։

Այսպես, ֆրանսիական «Աշխատանքի ընդհանուր համադաշնություն» արհմիության ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը հայտարարել է, որ հունվարի 19-ին Ֆրանսիայում փողոց է դուրս եկել ավելի քան 2 միլիոն մարդ։ Այս բողոքի ակցիաները կազմակերպած արհմիությունները նաև հայտարարել են, որ հաջորդ զանգվածային ցույցերը պլանավորվել են հունվարի 31-ին։

Հունվարի 19-ին Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացված համազգային գործադուլի ժամանակ ֆրանսիական արհմիությունները երկար տարիների ընթացքում առաջին անգամ հանդես են եկել միասնական ճակատով:

Կենսաթոշակային տարիքը մինչև 64 բարձրացնելուն դեմ են հանդես եկել տրանսպորտի, էներգետիկայի, կրթության և այլ ոլորտների աշխատողներ։ Գործադուլը հանգեցրել է երկաթուղային տրանսպորտի երթևեկության գրաֆիկների խախտման, մետրոյի և քաղաքային տրանսպորտի, ինչպես նաև օդանավակայանների աշխատանքի խափանումների: Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը հունվարի 10-ին ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք կառավարությունն ակնկալում է գործի դնել 2023 թ. սեպտեմբերի 1-ից։

Կառավարության պլանների համաձայն՝ սահմանված կենսաթոշակային տարիքային շեմը աստիճանաբար 62-ից կդառնա 64՝ տարեկան ավելանալով 3 ամսով, և այդ գործընթացը կտևի մինչև 2030 թ.-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումները մինչև իր երկրորդ մանդատի ավարտն իրականացնելու վճռականության մասին հայտարարել Էր 2022 թ.-ի ընտրարշավի ժամանակ։