Սյունիքում միջանցքի շահառուն Ռուսաստանն է, Թուրքիայի հետ համաձայնեցված ճնշում են Հայաստանին. Հայկ Դեմոյան. VIDEO

Մանրամասներ

Սյունիքում միջանցքի շահառուն Ռուսաստանն է, Թուրքիայի հետ համաձայնեցված ճնշում են Հայաստանին։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը․

«Միջանցքի շահառուն երկիր է, որը պատժամիջոցների տակ է և ուզում է ցամաքային ապահով կապ ունենալ իր դաշնակից Թուրքիայի հետ։ Պատկերացրեք ինչ ծավալի բեռներ, շրջանցելով պատժամիջոցները, կարող են տեղափոխվել Թուրքիա։ Հայաստանի վրա ամենավայրագ ճնշումներն են գործադրվում միջանցք ստանալու համար, ռազամակալումներ են անում, չեն վերադարձնում գերիներին, փակում են Լաչինի միջանցքը։

Հայաստանը ռուս-ադրբեջանա-թուրքական կիսալուսնաձև կորի թիրախում է։ Հայաստանից կպոկեն, կտաշեն ցանկացած բան՝ շահ, տարածք։ Լուրջ սպառնալիքի տակ ենք, հասել ենք Ալեքսանդրապոլ-2-ին, կարող ենք չունենալ անգամ այն, ինչ ստացանք Սովետական Հայաստանի տեսքով 1920 թվականին»,- ասել է Դեմոյանը։

Նրա կարծիքով Հայաստանը պետք է միջազգային ատյաններում ինքն իրեն ներկայացնի որպես վտանգված երկիր՝ մի կողմից էթնիկ համերաշխության հենքի վրա, նեոֆաշիստական գաղափարախոսությամբ շրջափակված է երկու հարևանների կողմից ու պետականության կորստի վտանի առաջ է։ Եվ երկրորդ՝ ցույց տանք աշխարհին, որ երեք երկիր, որոնք ժողովրդավարական չեն, այսօր թիրախավորել են Հայաստանը։ Դեմոյանն առաջարկում է հայ-թուրքական սահմանի պահպանությունը վստահել ՆԱՏՕ-ին, միաժամանակ դուրս չգալով ՀԱՊԿ-ից։ Այսպիսով, Հայաստանի անվտանգային համակարգի յուրատեսակ բաժանում կատարել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․