Մենք պատերազմի վճռորոշ փուլում ենք

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը վճռորոշ փուլում է։ Համապատասխան հայտարարությունը նա արել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք պատերազմի վճռորոշ փուլում ենք»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ «կատաղի մարտեր» են ընթանում։

Միաժամանակ Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ Կիևի ռազմական աջակցությունը «խաղաղության ամենաարագ ճանապարհն է»։

Ստոլտենբերգը կարծում է, որ արևմտյան երկրները շուտով կավելացնեն ծանր սպառազինության մատակարարումները Ուկրաինա: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները գիտեն, որ Ուկրաինային անհրաժեշտ են այնպիսի մարտական տանկեր, ինչպիսին գերմանական Leopard 2-ն է։

«Եվ դա կլինի այն թեմաներից մեկը, որը մենք կքննարկենք Ռամշտեյնում (ամերիկյան ավիաբազա Գերմանիայում): Ուկրաինան ներկայացված կլինի այնտեղ: Ծանր զինտեխնիկա տրամադրելու վերջին խոստումները շատ կարևոր են, և ես առաջիկայում ավելին եմ սպասում»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

«Մենք կատաղի մարտեր ենք ապրում: Ուստի կարևոր է, որ Ուկրաինային տրամադրենք հաղթանակի և անկախ պետության գոյության շարունակման համար անհրաժեշտ զենքերը: Դա կարող է պարադոքսալ թվալ, բայց Ուկրաինային ռազմական աջակցությունը խաղաղության ամենաարագ ճանապարհն է», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ռուսաստանը նախկինում նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։