Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել նույնականացման քարտով

Մանրամասներ

Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները սահմանը կարող են հատել նույնականացման քարտով, անձնագրի անհրաժեշտություն չի լինի այլևս։ Այն քաղաքացիները, ովքեր չունեն նույնականացման քարտ, նրանց անհրաժեշտ կլինի անձնագիր։

Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով այս ուղղությամբ կատարվող փոփոխությունը։

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։ «Իսկապես շատ կարևոր է փոխադարձ այցելությունները դյուրացնելու առումով։

Բայց նաև որոշակի հարակից ռիսկեր կլինեն, որոնք կառավարելու հարցում մեր վրաց գործընկերների հետ կաշխատենք։

Հաճույքով ուզում եմ նշել, որ այսօր մենք սպասում ենք Վրաստանի պատվիրակությանը՝ վարչապետ Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ։ Եվ Երևանում տեղի է ունենալու Հայաստանի և Վրաստանի միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։ Այդ նիստի շրջանակներում մենք հույս ունենք նաև այս համաձայնագիրը ստորագրել»,- ասաց Փաշինյանը։