Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ

Մանրամասներ

1

Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»,- նկատեց նա։

Հունվարր 6-ին Վահան Հունանյանը հաստատել էր թուրքական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը։

«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- ընդգծել մամուլի խոսնակը։