Ծանր էր վիճակը Հուդեայում 2000 տարի առաջ: Դեռ մ.թա. 7-րդ դարում այն գրավվել էր ասորիների կողմից ու անընդհատ ձեռքից ձեռք էր անցնում` օկուպացվելով Եգիպտոսի, Բաբելոնի, Հունաստանի և վերջապես Հռոմի կողմից:
Վերոհիշյալ կայսրությունների մարման շրջանում իսրայելցիներին հաջողվում էր ինքնավարություն հաստատել, ինչ-որ պետական ինստիտուտներ հիմնել, բայց դա տևում էր միայն մինչև հաջորդ կայսրության գրոհը:
Սա անշուշտ շատ խորը ճգնաժամի էր հասցրել իսրայելական հասարակությանը: Քաղաքական էլիտան փոխանակ պայքարեր սեփական երկրի սուվերենության համար, իրար հետ անդադար գզվրտոցի մեջ էր դրսի դաբրոյի համար:
Թագուհի Սալոմեի մահվանից հետո իր երկու որդիները քաղաքացիական բախումների գնացին, քանի որ մեկին Հուլիոս Կեսարն էր «քշում», իսկ մյուսին` Պոմպեոսը: Նրանք ընդամենն իրենց ներքաղաքական հարցերն էին լուծում Հռոմում` բախումներ սադրելով հեռավոր Հուդեայում:
Երկրորդ էշելոնի էլիտաների միակ գերխնդիրն այն էր, թե ում ճամբարում է պետք տեղավորվել, որպեսզի իրենց անձնական բիզնեսը ծաղկի: Այս օրակարգով էին ապրում ոչ միայն առևտրականները, այլ նաև պետական ծառայողները, կրոնական գործիչները, մշակույթի գործիչները և նույնիսկ սպորտսմենները:
Էլիտաների այս հարմարվողական ապազգայնությունը կասկադով իջնում էր մինչև հասարակության ամենաստորին շերտերը: Ժողովրդի մեծ մասը չարչարվում էր ու տառապում էր օտար լծի տակ, սակայն կորցրել էր դիմադրողականության ձգտումը:
Երկրում տոտալ հուսահատություն էր տիրում, որը աստիճանաբար հանգեցնում էր բարոյազրկման: Ոչնչանում էին հասարակության հենասյուները: Բանը հասել էր նրան, որ տաճարների մուտքի վրա նորից զազրելի կռամոլությունն ու նյութապաշտությունը մարմնավորող ոսկե հորթեր էին տեղադրում, իսկ առանձին դեպքերում օտարամոլությունը հասել էր նրան, որ հորթի փոխարեն նույնիսկ ոսկե արծիվներ էին փակցվում` փորձելով հաճոյանալ Հռոմին:
Մոռացության էին մատնվել սուրբ գրքերում ամրագրված պատվիրանները, ըստ որոնց Մովսեսը կոտորեց եգիպտական ստրկությունից փախած այն իսրայելցիներին, որոնք հանդգնեցին նորից պաշտել ոսկե հորթին:
Ավելին, բուն սուրբ գրքերն էին անհետացել և նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով դրանք հայտնվեին, ոչ մեկ չէր կարողանա այդ գրքերն ընթերցել, քանի որ եբրայերենը մոռացության էր մատնվել, բնակչության մեծ մասը խոսում էր հունարեն մի որոշ մասն էլ արամեերեն: Փարիսեցիները տաճարներում ծիսակատարություններ անելիս օգտագործում էին այսպես կոչված թարգոմները: Դրանք հուդայական սուրբ գրերի արամեերեն թարգմանություններ էին (աքադերեն «թարգումանու» նշանակում է թարգմանել): Սա էր 700 տարի տևած օտար լծի արդյունքը:
Որպեսզի պատկերն ավելի ընկալելի լինի, պատկերացրեք մի Հայաստան, որտեղ եկեղեցում ծեսերը ռուսերեն են անցկացնում, քանի որ ոչ մեկ հայերեն չգիտի, ընդ որում անցկացնողն էլ սքեմ հագած մարդ է, ով նաև կոմսոմոլի անդամ է, կամ առնվազն` ԿԳԲ-ի գործակալ:
Կային Իսրայելում նաև մարդիկ, որ չէին համակերպվում իրավիճակի հետ և կենաց մահու պայքար էին տանում` մի կողմից զավթիչների դեմ, մյուս կողմից զավթիչներին ծառայող իսրայելցիների դեմ: Այս անհավասար պայքարում նրանք մարգինալանում էին, ինչպես քաղաքական կյանքից, այնպես էլ բնակավայրերի առումով: Կրոնական նվիրվածության պատճառով նրանց համարում էին ծայրահեղական աղանդավոր, ու այս ազգայնական-կրոնական շարժման անդամներին անվանում էին Զելոտներ: Նրանք բնակվում էին անապատում, իրենց որջը ժայռի վրա գտնվող Մասադա անունով քարանձավային բնակավայրն էր, որտեղ նրանք պատսպարվում էին իսրայելցիների և հռոմեացիների հարձակումների ժամանակ, երբեմն էլ խմբակային ինքնասպանություն գործում, երբ դիմադրելն անհնար էր դառնում:
Նրանք հավատացած էին, որ եթե ապրեն սուրբ գրքի կանոններով, Աստված իրենց փրկիչ կուղարկի, ով կազատագրի Իսրայելը, տաճարներից կքշի փարիսեցիներին ու կռապաշտներին, կվերականգնի ազգի բարոյականությունն ու արժանապատվությունը: Նրանք ուզում էին, որ փրկիչը լինի Դավիթ արքայի պես հզոր և Սողոմոն արքայի պես իմաստուն:
Տասնամյակներ շարունակ ինքնազոհաբար պայքարելուց հետո Աստված հավատավոր իսրայելցիներին ուղարկեց փրկչին: Փրկիչը, սակայն, ոչ թե հզոր, ազնվական դյուցազն էր, այլ մի խեղճ նորածին երեխա, ով ծնվել էր ախոռում:
Այդ նորածնին այցելել էին արևելքի երեք մոգերը: Անշուշտ այն փաստը, որ Հուդեայի նոր արքայի ծնունդն արձանագրում են Հռումի աշխարհաքաղաքական մրցակից, զրահադաշտ մոգերը նույնպես կարևոր քաղաքական մեսիջ էր, սակայն դա հասու էր միայն Իսրայելի էլիտային, մինչդեռ հավատավոր մարդկանց համար կարևոր մեսիջ էր մոգերի երեք նվերները: Մեկը խունկ նվիրեց, որը խորհրդանշում էր իրադարձության աստվածային բնույթը, մյուսը ոսկի նվիրեց, որը խորհրդանշում էր նորածնի արքայական ուղին, իսկ երրորդը զմուռս նվիրեց, որը խորհրդանշում էր նորածնի մահն իր ճանապարհի ավարտին:
Եթե մի կողմ դնենք պատմական ու քաղաքական ենթատեքստերը ու նայենք այս իրադարձությանը զուտ քրիստոնեական փիլիսոփայության տեսանկյունից, ապա այս ամենում կա ևս մեկ մեսիջ՝ թերևս ամենակարևորը բոլորիս համար: Փրկիչը փոքրիկ մանուկ է, ում պետք է սիրել, գուրգուրել, աճեցնել և դաստիարակել: Մանուկը չի կարող սարսափ առաջացնել, մանուկից չեն վախենում: Մանուկի վրա չես կարող հույս դնել, չես կարող ակնկալել, որ նա քո փոխարեն քո անելիքը կանի: Ընդհակառակը, դու ես մանուկի համար ամեն ինչ անում, ընդ որում դա անում ես բնազդաբար՝ անվերապահորեն:
Մեր փրկությունը կարող է գալ միայն, եթե անվերապահորեն ու անշահախնդրորեն սիրենք փրկության գաղափարը: Միայն, եթե հանուն փրկության անենք այն ամենը, ինչ պատրաստ ենք անել սեփական զավակների համար: Սա է ըստ իս սուրբծննդյան խորհուրդը:
Երբ դու փողոցում չես աղտոտում ու ուրիշների աղտոտածն ես մաքրում, այդ պահին մի հատ փոքրիկ սուրբ ծնունդ ա տեղի ունենում: Երբ սեփական երկիրը չես թալանում ու դրա փոխարեն ինչ-որ բան ես ստեղծում, այդ պահին ևս մի փոքր սուրբ ծնունդ է տեղի ունենում: Սուրբ ծնունդ ա տեղի ունենում ամեն անգամ, երբ զսպում ես մեջիդ բարկությունն ու հպարտությունը, երբ հաղթահարում ես ծուլությունն ու բղջախոհությունը: Օրինակ, երբ քո 120,000 հայրենակցին պատանդ են պահում ու դու, զուտ սոլիդարությունից ելնելով, էդ պահին չես բռնում ճոխ քեֆերիցդ նկարներ տարածում սոցցանցերում անտակտ ագա*կի պես, մի հատ փոքրիկ սուրբ ծնունդ էլ դա է: Կամ, եթե հանուն հայրենիքի փրկության ամեն խաչմերուկում կոկորդդ ճղում ես, բայց, երբ Փարուխի մասին հարց են տալիս քեզ շլանգի տեղ ՉԵՍ դնում... դա էլ ա փոքրիկ սուրբ ծնունդ: Ու եթե սիրես, պահես ու փայփայես այդ փոքրիկին, նա քեզ մի օր կփրկի:
Իսկ եթե սուրբ ծնունդը մեզ համար լինի զուտ տաճար այցելելու արարողություն, կամ իրար ֆեյսով gif-եր ուղարկելու օր, կամ թեկուզ տնեցիքով ձուկ ու փլավ ուտելու առիթ, ապա մեզ բոլորիս սպասում է այն, ինչ բաժին հասավ իսրայելցիներին իրենց փարիսեցիության պատճառով: Հիսուսի հայտնությունն ու մահը պատճառ դարձան, որ իսրայելցիները վերջապես ապստամբեն Հռոմի դեմ, ինչը, սակայն, բերեց Իսրայելի ոչնչացմանն ու այդ ժողովրդի բնաջնջմանը և հուդա-քրիստոնեական փոխադարձ դարավոր ատելությանը, որովհետև հուդայական քրմերը Հիսուսին կեղծ փրկիչ հռչակեցին ու, մերժելով արևելյան մոգերի «տեսլականը», շարունակեցին համագործակցել Հռոմի հետ:
Հռոմը հետո ինքն էլ կործանվեց ու դարձավ խիստ հակահուդայական: Սուրբ Հռոմեական կայսրությունում օրինակ կար հրեա լինելու հարկ, այն կոչվում էր «Guldenpfennig» և հուդայականները պարտավոր էին այն մուծել ամեն տարի սուրբ ծննդյան օրը: Բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ...
Հ.Հ.Գ. իմիջայլոց, կա մի առասպել, ըստ որի հուդայական թարգոմները իրենց անունն են ստացել սուրբ գրերը թարգմանած մասնագետներից, որոնք Թորգոմի ցեղից էին: Թորգոմն էլ Գամերի որդին էր, Հաբեթի թոռն էր, Նոյի ծոռն էր ու դե` Հայկ նահապետի հայրը...
Արթուր Դանիելյան
0Comments