Որոշում է ընդունվել խորհրդարանական կառավարման ձևն ընտրել որպես հայեցակարգային ուղղություն

Մանրամասներ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և հանձնաժողովը արդեն իսկ հասցրել են բազմաթիվ նիստեր և քննարկումներ ունենալ և որոշումներ կայացնել տարբեր հարցերի շուրջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ամփոփելով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները։

«Այս գործընթացն առանձնանում է նրանով, որ որդեգրվել է նոր մոտեցում` ստեղծվել է երկու մարմին՝  խորհուրդը հասարակական-քաղաքական որոշումներ կայացնելու համար, որում ընդգրկված են տարբեր շահագրգիռ մարմինների, քաղաքական, այդ թվում` արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մյուսը՝ հանձնաժողովը՝ որպես մասնագիտական մարմին` կազմված փորձառու իրավաբաններից խորհրդի կողմից որոշված ուղղությունների շրջանակներում մասնագիտական ուսումնասիրություններ իրականացնելու և սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և նախագիծը մշակելու համար: Բացի այդ, խորհուրդը և հանձնաժողովը աշխատում են խիստ թափանցիկության պայմաններում` ժողովրդավարական աննախադեպ գործիքների կիրառմամբ` ապահովելով խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստերի ուղիղ հեռարձակումը»,- ասաց Մինասյանը։

Նախարարը հայտնեց, որ  ներկայումս Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քննարկում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից հայեցակարգային ուղղությունների շրջանակներում մշակված, հաստատված և խորհրդին ներկայացված զեկույցները:

Մինասյանը կարևորեց այն հանգամանքը, որ քննարկումների ժամանակ որոշում է ընդունվել խորհրդարանական կառավարման ձևը ընտրել որպես հայեցակարգային ուղղություն:

«Խորհուրդը քննարկել է նաև նախագահի ինստիտուտին և սահմանադրական կարգի հիմունքներին առնչվող մի քանի կարևոր հիմնախնդիրներ: Արդյունքում որոշվել է նախագահի ինստիտուտի վերաբերյալ ներկայիս կարգավորումները հիմնականում թողնել նույնը՝ մի քանի փոփոխություններով»,- եզրափակեց Մինասյանը։