Հայաստանի ռացիոնալ քայլը ՄԱԿ ԱԽ հանդեպ

Մանրամասներ

1

ՄԱԿ ԱԽ նիստի քննարկումներից հետո Հայաստանում հնչեցին կարծիքներ, թե պաշտոնական Երևանը պետք է օգտվեր Ադրբեջանին ուղղված միաձայն կոչերի հնարավորությունից և ներկայացներ ԱԽ բանաձևի նախագիծ, այդ կերպ կատարելով քաղաքական լուրջ քայլ: Երևանն անշուշտ ուներ դրա հնարավորությունը՝ ըստ ՄԱԿ կանոնադրոության: Բայց, ըստ այդ կանոնադրության Երևանը կարող էր ներկայացնել բանաձևի նախագիծ, իսկ ահա բանաձևւի ընդունման համար կանոնադրությունը չի ապահովում ինքնահոս համակարգ:

Բանաձևի ընդունման համար պետք է քաղաքական համապատասխան մթնոլորտ և ցանկություն, ընդունողների, այսինքն ՄԱԿ ԱԽ մշտական և ոչ մշտական 15 անդամների հավանություն, ընդ որում մշտականների դեպքում՝ կոնսենսուսային: Մի բան է, երբ պետությունները կոչ են անում բացել միջանցքը, ապահովել մարդասիրական տեղաշարժը, ապահովել միջանցքի լիարժեք գործունեությունը, մեկ այլ բան, երբ նրանք այդ ամենի համար ստանձնում են քաղաքական գործողության պատասխանատվություն՝ կոնկրետ բանաձևով: Հիմա դիտարկենք այն համաշխարհային իրավիճակը, որ կա, և դրանում այն հարաբերությունները կամ դիմակայությունը, որ կա ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հնգյակի միջև, այդ թվում անկասկած է նաև կովկասյան ռեգիոնում և հայ-ադրբեջանական խնդրում:

Հպանցիկ հայացքն անգամ բավարար է հասկանալ, որ, եթե չի աշխատում Մինսկի խմբի եռանախագահությունը, չի կարող աշխատել ՄԱԿ ԱԽ-ն այն աստիճան, որ միաձայն բանաձևային քաղաքական պատասխանատվություն ստանձնի միջանցքում ստեղծված իրավիճակի համար: Ըստ այդմ, եթե Երևանը ներկայացներ բանաձև, ապա այն տապալվելու էր թերևս ոչ թե 100, այլ 110 տոկոս հավանականությամբ, ինչը իր հերթին փոշիացնելու, հօդս էր ցնդեցնելու նույնիսկ այն կոչերի թեկուզ համեստ էֆեկտը, որ եղավ դեկտեմբերի 21-ի քննարկման արդյունքում:

Ըստ այդմ, որևէ բանաձև չներկայացնելը Երևանի թերևս բավականին ռացիոնալ քայլն էր, որը պահպանում է տեղի ունեցած քննարկման մթնոլորտի վրա հետագա դիվանագիտական աշխատանքը թեկուզ համեստ հեռանկարով, բայց շարունակելու հնարավորությունը: Իհարկե, մեղմ ասած չափազանցություն է այն գնահատականը, որ հնչում է իշխանության կամ մերձակա դաշտերից ու տիրույթներից, և ըստ որի ՄԱԿ ԱԽ նիստը Հայաստանի դիվանագիտական հաղթանակն էր: Խոսքն իհարկե շատ ավելի համեստ հաջողության և դրական իրադրության մասին է, որը հիմք է աշխատանքի շարունակության համար: Բայց, թերևս անկասկած է, որ բանաձևի ներկայացումը վերածվելու էր արդեն անխոս պարտության, երբ այն մերժվեր վերը նշված, ինչպես նաև այդ համատեքստում էլ Ադրբեջանի հետ ՄԱԿ ԱԽ անդամ մշտական ու ոչ մշտական անդամ երկրների հարաբերության գործոնի պատճառով:

Սկզբնաղբյուր