«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենի և այլ անձանց նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

Մանրամասներ
ա

ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը:

Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ Ա.Մ.-ը, հիշյալ քրեական գործով դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` հիշյալ ԲԿ-ի կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու համար:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը և հայտարարված է հետախուզում:

Քրեական վարույթի հետագա ընթացքում ձեռնարկված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողություների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև Ա.Մ.-ի կողմից կատարված մեկ այլ առերևույթ հանցավոր չարաշահման վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս տնօրինելով հիշյալ բժշկական կենտրոն ՓԲ ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի, գնումները համակարգողի, հեմոդիալեզի պարագաներ մատակարարող ընկերության տնօրենի և ներկայացուցչի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, 2014-2018թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, ծառայողական դիրքն օգտագործելով, հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամը:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել հիշյալ արարքի կատարման առնչությամբ ևս Ա.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել հանցանքները կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ՝ համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասին), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի 2-րդ մասին), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին):

Որոշում է կայացվել նաև կատարված հանցագործության արդյունքում գումարները ստացած` հեմոդիալեզի պարագաները բարձր գներով մատակարարած ընկերության տնօրենի և օժանդակություն ցուցաբերած այլ անձանց նկատմամբ ևս քրեական հետապնդում հարուցելու մասին:

Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենը ընդունել է իր մեղավորությունը, քննության այս փուլում պետությանը պատճառված ընդհանուր 415.336.470 ՀՀ դրամից վերականգնել է 50.000.000 ՀՀ դրամը` պատրաստակամություն հայտնելով մինչև 2023թ. հունիս ամիս ամբողջությամբ հատուցելու իրենց հանցավոր գործողության արդյունքում պետությանը պատճառված վնասը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից քննության առարկա է դարձվել Ա.Մ.-ի պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ԲԿ-ի կարիքների համար գնումների ողջ գործընթացը և կատարվում են մեծածավալ գործողություններ հնարավոր այլ չարաշահումները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու և պետությանը պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: