Ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը. Դեկտեմբերի 22-ին ձմեռային արևադարձի օրն է

Մանրամասներ

Դեկտեմբերի 22-ին (ժամը 1։08) ձմեռային արևադարձի օրն է։Այս օրը Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում:

Այդ ժամանակ դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը, իսկ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր: Երկրի հասարակածի թեքվածությունը Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ 23,5° է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հիշեցնում են Բյուրականի աստղադիտարանից:

saaaa.jpg (117 KB)

Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Ձմեռային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը, իսկ ամառային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը:

Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում կեսօրին Արեգակը հորիզոնից ավելի ու ավելի է բարձրանում (գիշերվա տևողութունը սկսում է նվազել, իսկ ցերեկվանը՝ աճել) և ամառային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում, կարծես կանգ է առնում և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (գիշերվա տևողութունը սկսում է աճել, իսկ ցերեկվանը՝ նվազել) մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում:

Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: Այնպես որ, հարավային կիսագնդի բնակիչների համար ներկայումս ամենաերկար ցերեկներն ու ամենակարճ գիշերներն են։