իրավիճակն ունի երեք հանգուցալուծում․ Կամ պիտի հանձնվի Հայաստանը, կամ պիտի հանձնվի Արցախը, կամ էլ՝ Ադրբեջանը․ Արթուր Դանիելյան

Մանրամասներ

Քանի որ Արցախի պաշարումն էս արյունարբու թատրոնի առաջին ակտը չէր, որոշել էի լռել ու հետևել բոլոր «դերասանների» խաղին: Երեկ, ուշ երեկոյան կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստը, Բերձորի փակման հարցով ըստ էության կուլմինացիան էր, այ ինչ կլինի հետո արդեն մեծ առումով մի երկու կանխատեսելի սցենար է:

Մեծ առումով ՄԱԿ-ի ԱԽ-ում հնչած ելույթներն էլ էին կանխատեսելի, սակայն կային որոշ նրբություններ, որոնք պատկերը ընդհանրացնում էին: Դե Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Բրիտանիան բավականին հակաադրբեջանական դիրք էին զբաղեցրել, իսկ ՌԴ-ն ու Չինաստանը՝ յանիմ նեյտրալ: Տվյալ պարագայում «յանիմ նեյտրալը» անշուշտ նշանակում է պրոադրբեջանական: Ուշագրավն այն էր, որ երեք արևմտյան երկրներ պահանջում էին խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքում, մինչդեռ Չինաստանը մի քանի անգամ շեշտեց ՌԴ-ի «բարի միջնորդությունը», իսկ բուն ՌԴ-ն հայտարարեց, որ միջանցքը մասնակի բաց է (ինչը իհարկե սուտ է, բայց շատ կարևոր սուտ է), Ադրբեջանն էլ դե ողջ ելույթը կառուցել էր ինչ-որ հանքի իբր թե ապօրինի շահագործման շուրջ:

Հանքի պատրվակն առաջացել է այն բանի պատճառով, որ սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի վրա արժանացավ միջազգային հանրության կոշտ արձագանքին, հետևաբար Բաքուն այս անգամ ավելի բարդ կոմբինացիա էր մտածել: Եթե սեպտեմբերի 13-ին նրանք հարձակվել էին, պահանջելով «զանգեզուրյան միջանցքը», որը իբր թե իրենց պետք է տրվեր ըստ եռակողմ համաձայնագրի, ապա հիմա նրանք պնդում են, որ իրենց տարածքում ինչ-որ անձինք ապօրինի հանք են շահագործում ու վնաս են հասցնում բնությանը, ինչը արևմուտքի համար բավականին բարեհունչ թեմա է:

Ընդ որում, հանքն էլ իբր թե ունի օրինական սեփականատեր, որը պատրաստվում է դիմել միջազգային դատական ատյաններ: Տերն էլ դե հո ռուս, թուրք կամ չինացի չի, այլ վիձիծիլի բրիտանական ընկերություն, որը սպառնում է իր շահերը նաև փորձել պաշտպանել բրիտանական դատարաններում: Թեպետ, չգիտես ինչու, դա Բրիտանիային չխանգարեց հակաադրբեջանական ելույթ ունենալ ՄԱԿ-ում:

Ռուսներն ակնհայտորեն փորձել էին դասեր քաղել սեպտեմբերյան տապալումից ու ադրբեջանցիքի պես մի կոմբինացիա էլ իրենք էին պատրաստել: Նախ դե «հանքի» թեզն էր, որի բրիտանական սեփականատերը ամեն տեղ պիտի շեշտվեր, հետո Երևանում իրենց ագենտուրան ամեն ինչ սկսեց անել, որ սլաքները ուղղվեն ում վրա ասես բացի Ռուսաստանից, զուգահեռաբար իր խաղաղարարի դերը պիտի շեշտեր այն փաստը, որ իբր նրանց ջանքերով է գազի խողովակը բացվել, ու զապասում նրանք պահել են նաև հայերին Լաչին ուղարկելու ու խոշոր սադրանք կազմակերպելու սցենարը:

Փաստացի մենք ունենք մի իրավիճակ, երբ ներկայիս դասավորվածության պահպանման դեպքում Արցախը սարսափելի արագ տեմպերով դատարկվելու է, ինչը կարող է կանխել միայն վստահություն ներշնչող ինստիտուտի գոյացումը, ի դեմս, օրինակ, այլ երկրի խաղաղապահների: Սա մոտ ապագայում տեղի չի ունենա, քանի որ ռուս-ադրբեջանական տանդեմը դա թույլ չի տա, իսկ Հայաստանը դա պարտադրելու ձև չունի: Անշուշտ Արցախի հայաթափումը կնշանակի Ռուսաստանի վերացումը Կովկասից, բայց Մոսկվայի հաշվարկով դա դեռ մի քանի տարի կտևի, մինչդեռ Թուրքիային Ուկրաինայից հեռու է պետք պահել հենց հիմա, ու եթե դրա գինը 120 հազար հայերի հայրենազրկումն է, ապա ստեղ մտածելու բան էլ չկա:

Կա այս տխուր թատրոնի մեջ նաև երկու դրական ու բավականին անսպասելի հանգամանք: Ակնհայտ է, որ ռուս-ադրբեջանական տանդեմը տապալվել է կարճաժամկետ նպատակների հարցում: Տվյալ պահին խոսք չկա ոչ «զանգեզուրյան միջանցք» տալու մասին, ոչ էլ նույնիսկ Արցախի կողմից զիջումների մասին, արդիական է միայն հայաթափման օրակարգը: Սա թեև շատ փոքր, բայց հաղթանակ է, որը հնարավոր դարձավ մեր ազգի երկու շատ զազրելի հատկությունների պատճառով:

Մի կողմից հայաստանցիների կողմից վերջին տարիներին դրսևորվող անտարբերությունը թույլ չտվեց երկիր ներսում խժդժություններ հրահրել, մարդիկ, ամեն ինչի վրա թքած, ֆուտբոլ էին նայում: Մյուս կողմից արցախցիներիս բնորոշ գերինքնավստահությունը (որը մեր գլխին բազմաթիվ փորձանքներ է բերել) թույլ տվեց պարտվողական թեզերը զերծ պահել տեղեկատվական դաշտից, Արցախում մարդիկ նույնպես թքած ունեցան, բայց արդեն իրենց շանտաժիստների վրա:

Ստացվում է, որ իրավիճակն ունի երեք հանգուցալուծում: Կամ պիտի հանձնվի Հայաստանը ու օրինակ տա միջանցք, կամ պիտի հանձնվի Արցախը (այնպես ինչպես հանձնեց Փարուխը) ու օրինակ թույլ տա մաքսակետի տեղադրումը Բերձորում, կամ էլ Ադրբեջանը պիտի հանձնվի ու բացի միջանցքը և թարսվի ռուսների հետ` վերջիններիս կողմից պայմանավորվածությունները չկատարելու համար:

Ռուսաստանը ամեն դեպքում պարտված է. եթե հանձնվեցին հայերը, նրանք կորցնում են Հայաստանը մի քանի տարուց, եթե Ադրբեջանն է զադնի տալիս, դա Մոսկվային զգացնել կտա շաբաթների, եթե ոչ օրերի ընթացքում ուկրաինական ճակատում: Օրինակ՝ Թուրքիան հաշված րոպեների ընթացքում կարող է փակել Բոսֆորը ռուսական նավթն արտահանող նավերի համար (դրա «թիզերը» Էրդողանը օրերս ցուցադրեց), կամ ասենք Ղրիմի թաթարները «կզարթնեն»: Ակնհայտ է, որ Մոսկվան ընտրել է Ուկրաինան, քանի որ Հայաստանի կորստի դեպքում Կրեմլի ներկայիս վարչակազմին դժվար վտանգ սպառնա, իսկ այ Ղրիմը կորցնելու դեպքում Մոսկվայում իշխանափոխությունն անխուսափելի է:

Մեզ, բնական է, պետք է, որ զադնի տա Ադրբեջանը, իսկ դրա համար պետք է, որ արևմուտքը ճնշի Ադրբեջանին, իսկ մենք ճնշենք Ռուսաստանին:

Արթուր Դանիելյան