Ժամկետանց սննդամթերք, դեղեր, բժշկական պարագաներ և գերբնակեցում «Ձորակ» կենտրոնում

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում (այսուհետ՝ Կենտրոն) իրականացված մշտադիտարկման այցի արդյունքները: Դրանք ենթարկվել են մանրամասն վերլուծության՝ ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխանության տեսանկյունից:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ կազմվել է մեծածավալ փաստաթուղթ, որն անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով (պատճենահանված փաստաթղթեր, լուսանկարներ և այլն) և քայլերի կոնկրետ առաջարկներով կներկայացվեն Կենտրոնի տնօրինություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Գլխավոր դատախազություն:

Կենտրոնում արձանագրված խնդիրներից հիմնականը հետևյալն են.

օրենքով չնախատեսված զսպման և բժշկական ներգործության միջոցների օգտագործում (Առողջապահության նախարարի հրամանով չթույլատրված դեղորայքային խառնուրդ), ինչպես նաև այդ միջոցների կիրառման կարգի խախտումներ,

հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված մեկուսացման միջոցի կիրառման կարգի խախտումներ, այդ թվում՝ խնամվողի արժանապատվությունը նվաստացնող եղանակով,

հայտնաբերվել է ժամկետանց (վանիլին, բնական հյութ, մեղր, կոնֆետներ) և չմակնշված (պահածոներ), այդ թվում՝ այցի պահին պիտանելիության ժամկետը մեկ տարուց ավելի լրացած սննդամթերք, ինչպես նաև արձանագրվել են սննդամթերքի բազմատեսակության և սահմանված քանակից պակաս մատուցելու հետ կապված խնդիրներ,

հայտնաբերվել են ժամկետանց դեղեր (այդ թվում՝ այնպիսի դեղորայք, որի պիտանելիության ժամկետն այցի պահին լրացած է եղել դեռ մեկուկես տարի առաջ) և բժշկական ժամկետանց պարագաներ,

արձանագրվել են դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
առկա են բժշկական թափոնների հավաքման և պահպանման կարգի խախտումներ,
Կենտրոնի խնամվողներն ապահովված չեն ատամնաբուժական, այդ թվում՝ պրոթեզավորման պատշաճ ծառայություններով,

կանխարգելիչ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վարակիչ (թոքախտ) և ոչ վարակիչ (հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ և այլն) հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների կազմակերպման թերություններ: Օրինակ՝ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն իրականացվում է խնամվողի գանգատի դեպքում՝ ըստ անհրաժեշտության, մինչդեռ դա պետք է իրականացնել պարբերական սկզբունքով ու կանխարգելիչ նպատակով։