Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունեն. ԼՀԿ

Մանրամասներ

1

2022 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը։

Համաժողովի ժամանակ ընդլայնված կազմով քննարկվել են Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին մարտահրավերները, որի արդյունքում կառավարման խորհուրդը`նախագահ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, հայտարարություն է ընդունել։

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։

Ամփոփելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության 7-ամյա գործունեությանը նվիրված համաժողովը, գնահատելով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը  հայտարարում է.

·2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերները վերահաստատում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լուսավոր Հայաստանի՝ համերաշխության և ներքին միասնականության անհրաժեշտության օրակարգը՝ հանունՀայաստանի պետականության պաշտպանության ու ամրապնդման։

·Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ թշնամական սադրանքները վերստին հաստատում են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային արդյունավետ մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է Արցախի ժողովրդի կյանքի և  անվտանգության երաշխավորումը։

· Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակի գնահատումից բխում է, որ Հայաստան-Ադրբեջան, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլընտրանք չունեն։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չեն։

·Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները պետք է նոր թափ հաղորդեն ժողովրդավարական և արդիական պետությանը հարիր բարեփոխումների օրակարգն առաջ մղելու հարցում։

·Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում ընթացող բարեփոխումները՝ շարունակելով մնալ առաջնահերթություն, պետք է երաշխավորեն արդիական, պրոֆեսիոնալ բանակի տեսլականի իրագործումը, որն աներկբա կապահովի Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Հանուն այս մարտահրավերների հաղթահարման «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը համագործակցել բոլոր գործող քաղաքական, հասարակական միավորների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ։