ԱՄՆ-ն Ուկրաինային սովորական ռումբերը կառավարելի ռումբերի վերածող լրակազմեր կհատկացնի․ WP

Մանրամասներ
ա

ԱՄՆ վարչակազմը մտադիր է սովորական ռումբերը կառավարելի ռումբերի վերածող լրակազմեր ուղարկել Կիեւ, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային։

Խոսքը ԱՄՆ-ում մշակված JDAM (Joint Direct Attack Munition) լրակազմի մասին է, որն ամերիկացի զինվորականներն ավելի վաղ օգտագործել են ավիառումբերը կառավարելի զինամթերքի վերածելու համար: Դրանք օգտագործվել են ռմբակոծիչների եւ կործանիչների վրա։

Թերթը նշում է, որ այդ սարքավորումը կարող է օգտագործվել տարբեր տեսակի զինամթերքի փոխակերպման համար։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը դրանք կկիրառեն ավիացիայում, թե կօգտագործեն ցամաքից արձակվող զինամթերքի վերամշակման համար։

Թերթի տեղեկություններով՝ պարզ չէ, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կամ ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդականներից որեւէ մեկը հավանություն է տվել այդ լրակազմերի փոխանցմանը Ուկրաինային։ Թերթը նշում է, որ սա եւս մեկ կարեւոր քայլ կլիներ Վաշինգտոնի կողմից Կիեւին ռազմական օգնություն տրամադրելու առումով: Նման արդիականացված զինամթերքը, ինչպես գրում է WP-ն, նոր հնարավորություններ կտար ռուսական ստորաբաժանումներին եւ շտաբերին հարվածներ հասցնելու համար, ընդ որում՝ բարձր ճշգրտությամբ։