Աճել է արտասահմանում անշարժ գույքի բնագավառում ներդրումների պահանջարկն ինչպես ՌԴ, այնպես էլ ՀՀ քաղաքացիների մոտ

Մանրամասներ
ա

2022թ․-ի առաջին 11 ամիսների ընթացքում արտասահմանյան անշարժ գույքի նկատմամբ ռուսաստանցիների պահանջարկն աճել է 89%-ով՝ ավելի շատ, քան ԱՊՀ մյուս երկրների մեծ մասում։ Այս ցուցանիշով Ռուսաստանին գերազանցել է միայն Մոլդովան, որտեղից նույն ժամանակահատվածում երկու անգամ ավելի շատ գնման հայտ է ստացվել նախորդ տարվա համեմատ։ Պահանջարկը գրեթե հավասարապես աճել Է Հայաստանում և Ղրղզստանում` համապատասխանաբար 43%-ով և 44%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Tranio ընկերության (անշարժ գույքի միջազգային բրոքեր) հետազոտությունը։

Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վրաստանը գլխավորել են ռուսաստանցիների կողմից արտասահմանյան անշարժ գույքի բնագավառում ներդրումներ կատարելու ամենապահանջված երկրների վարկանիշային ցուցակն՝ ըստ տարվա նախնական արդյունքների։

«Ռուսաստանցիների շրջանում ամենապահանջված ուղղությունների հնգյակում են Թուրքիան (հայտերի 24%), Արաբական Միացյալ Էմիրությունները (10%), Վրաստանը (9%), Իսպանիան և Հունաստանը (8-ական %), – նշվում է նյութերում։ Տասնյակում են հայտնվել նաև Կիպրոսը, Թաիլանդը, Չեռնոգորիան, Ֆրանսիան, Ինդոնեզիան։ Նշվում է, որ արտասահմանում անշարժ գույքի գնման հայտերի ամենամեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (44,6%), Սանկտ Պետերբուրգին (10%) և Կրասնոդարի երկրամասին (4,9%):

Մոսկվացիներն առաջատար են նաև միջին բյուջեով, որը 11 ամսվա ընթացքում կազմել է 300 000 եվրո: Այս տարի ռուսաստանցի գնորդները հաճախ են անշարժ գույք ընտրել ներդրումային նպատակներով, նշում է Tranio-ն։ Դուբայում օբյեկտների հայտերի ավելի քան մեկ երրորդը (36%) բաժին է ընկնում վարձակալությամբ տրվող անշարժ գույքին և նորակառույց շենքերին՝ վերավաճառքի համար:

Ինդոնեզիայում (65%) և Թաիլանդում (38%) հիմնական պահանջարկը բաժին է ընկնում անշարժ գույքին զբոսավայրերում, որը հարմար է ինչպես սեփական հանգստի, այնպես էլ վարձակալությամբ տալու համար: Թուրքիայում անշարժ գույքը ռուսաստանցիներին հետաքրքրում է բնակության թույլտվություն կամ անձնագիր ստանալու և հետագայում անշարժ գույքը վերավաճառելու համար (50%):