Ծանր ձմեռ ենք ունենալու, պետք է զգաստ լինենք․ Սա Հայրենական պատերազմ է․ Ռուբեն Վարդանյան

Մանրամասներ

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո որդեգրել է Արցախի նկատմամբ պարբերաբար սադրանքներ իրականացնելու ռազմավարությունը, որը միտված է հիասթափեցնելու արցախահայությանը: Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանին չի զարմացրել դեկտեմբերի 3-ի ադրբեջանական սադրանքը՝ Լաչինի միջանցքը երեք ժամ փակ պահելը:

«Ադրբեջանցիների համար զարմանալի էր, որ 35-40 հազար մարդ կարող է դուրս գալ հրապարակ: Իմ նշանակումն էլ էր իրենց համար անսպասելի: Հետաքրքրություն ստեղծվեց Արցախի նկատմամբ աշխարհի մամուլում, փոխոխություններ եղան Արցախում: Այս ամենին արձագանք տվեցին: Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ անել, որ Արցախում շատ քիչ մարդիկ ապրեն, չունենան հավատ դեպի ապագա, չհավատան հաջողությանն ու հեռանան: Այս սադրանքներն իմ անվան հետ կապված չեն, չնայած հենց իրենց նախագահն է իմ մասին խոսում, բայց սրանք են պատճառ դարձել, որ ես այստեղ գամ: Որովհետեւ ես կարծում եմ, որ ադրբեջանական սադրանքները հնարավոր կլինի ջարդել, եթե մարդիկ համախմբվեն, թե Արցախում, թե Հայաստանում»,- ասել է Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը կարծում է՝ դեկտեմբերի 3-ի սադրանքը վերջինը չի լինի: Ադրբեջանցիները հատկապես կցանկանան օգտվել ձմռան դժվար պայմաններից:

«Մենք ունենալու ենք ծանր ձմեռ: Սրանք առանձին դեպքեր չեն, սա Հայրենական պատերազմ է: Այո, ամենօրյա մարտական գործողություններ եւ զոհեր չունենք, սակայն ունենք իրավիճակ, որտեղ պետք է զգաստ լինենք: Ես այստեղ եւ իմ ընկերներն այստեղ ենք, որ մեր օրինակով ցույց տանք՝ այստեղից դուրս չենք գալու: Մենք մեկ ճանապարհ ենք տեսնում Ադրբեջանի հետ հարաբերությունների՝ եթե իրենք ընդունեն, որ Արցախն Ադրբեջանից անկախ երկիր է լինելու: Մենք պետք է գտնենք բանաձեւ կողք կողքի, բայց առանձին ապրելու: Խաղաղություն չկա, մենք ամենօրյա պայքարի պետք է պատրաստ լինենք»,- ընդգծել է Վարդանյանը: