Այս պահին ՀՀ-ն 1988-ի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն. Փաշինյան

Մանրամասներ
ա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար սկզբունքային է  եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա նշել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին:

«Առաջին հարցը, որ դրել եմ, հետևյալն է եղել, որ ներկայացվի այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, բացի 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների շրջանակում: Այսինքն՝ դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Գյումրու զարգացմանը խանգարում են տնակային ավանները: Վարչապետը խնդիր է դրել քաղաքն ամբողջությամբ ազատել տնակներից, ինչից հետո կառավարությունը նամակներ է ստացել, որ տարիներ առաջ բնակիչներն անարդարության զոհ են դարձել և շարունակում են ապրել տնակներում:

«Այս նամակներին արձագանքելով՝ ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները: Պարզվեց, օրինակ, որ մարդիկ են ապրում տնակներում, որոնք մոտակա գյուղում ունեն բնակարան, ուստի կարևոր է պարզել  տնակներում ապրող անձանց հետ պետության իրավահարաբերությունները»,- ասաց նա: