Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

Մանրամասներ

1

2022 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 11-րդ նիստը:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ կոողմերն ընդգծել են Ռուսաստանի Դաշնության դրական դերը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև նրանց միջև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են հարցեր` կապված Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ու տարածաշրջանում երկաթուղու կառուցման, երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման հետ։

Կողմերը կշարունակեն աշխատել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման ուղղությամբ։

Հայկական և ադրբեջանական կողմերն իրենց երախտագիտությունն են հայտնել ռուսական կողմին բարձր մակարդակով հանդիպման կազմակերպման և հյուրընկալության համար։ 

Հիշեցնենք՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև այդ նպատակով որոշվեց երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կկենտրոնանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

Հայկական կողմից հանձնաժողովի աշխատանքները գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ադրբեջանական կողմից՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2022 թվականի մայիսի 24-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին:

Երկրորդ  հանդիպումը տեղի էր ունեցել օգոստոսի 30-ին, Մոսկվայում: