Շտապօգնության կանչերի մոտ 10%-ը սուր շնչառական վարակով հիվանդներ են եղել

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Տարածաշրջանի և եվրոպական մի շարք երկրներ նախազգուշացնում են՝ սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես` գրիպի տարածման ակտիվություն է նկատվում: Հայաստանում ևս վերջին շաբաթներին այս ցուցանիշն աճել է: Մասնագետների խոսքով՝ այս պահին մեր երկրում ամենատարածվածը գրիպի H1N1 շտամն է:

Ռոմելա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Նախորդ շաբաթվա համեմատ հիվանդացությունը աճել է 1.1 անգամ, և մենք շեմից բարձր ենք 1.5 անգամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության մակարդակը 1.1 անգամ ցածր է:

Սուր շնչառական վարակների սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբերին և շարունակվում մինչև մայիս։ Դեկտեմբերի 5-ի դրությամբ՝ շտապօգնության կանչերի մոտ 10%-ը սուր շնչառական վարակով հիվանդներ են եղել, մեծ մասը` երեխաներ: Հիվանդացությամբ պոլիկլինիկա է դիմել 1329 պացիենտ, որոնց մոտ 80 տոկոսը` մինչև 4 տարեկան. այս պատճառով ծանրաբեռնված են աշխատում նաև մանկական հիվանդանոցները։

Լիանա Նազարյան («Մուրացան» հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնութան ծառայության ղեկավար) - Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ է հիմնականում ավելի ծանր ընթացք ունենում: Միջին ծանրությունից մինչև ծանր վիճակ ունենում ենք: Թեթև երեխաներին հիմնականում սպասարկում ենք ամբուլատոր և ուղղորդում ենք պոլիկլինիկաներ:

Մասնագետների խոսքով՝ շատերը չեն կարողանում սուր շնչառական հիվանդությունը տարբերակել կորոնավիրուսից: Դրա համար բժիշները խորհուրդ են տալիս հետազոտվել և պատվաստվել, ինչը զգալիորեն նվազեցնում է ծանր դեպքերի թիվը:

Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Պատվաստումը թույլ կտա ոչ միայն խուսափել ծանր դեպքերից, առհասարակ թույլ կտա խուսափել հիվանդացության բարձրացումից և ազատի բուժհաստատությունները մեծ քանակությամբ դիմելիություններից թոքաբորբերի և սուր շնչառական հիվանդությունների հետ կապված:

Սուր շնչառական հիվանդությունները՝ կախված տեսակից, տևում են 5-7 օր: Մասնագետները հորդորում են՝ ախտանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, չայցելել հասարակական վայրեր և անմիջապես դիմել առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին: