Վիտալի Բալասանյանը պիտի կամք ունենա իր անունից հայտարարելու կուլիսային պայմանավորվածությունների մասին

Մանրամասներ
ա

Արցախի Ազգային ժողովի Միասնական հայրենիք խմբակցության պատգամավոր Սեյրան Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ դնելու հավանականությունը և հանգստացրել հանրությանը, թե խաղաղապահ զորակազմի գոտի արգելված առարկաների մուտքը չթույլատրելու նպատակով ընդամենը ռենտգեն-սկաներ է տեղադրվելու։ Ընդամենը, հասկանու՞մ եք։

Նախ հարց է ծագում, թե անվտանության խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարի գործունեությունը սպասարկող մարմինը ի՞նչ իրավասությամբ է հայտարարություն տարածում, այն էլ՝ նման նրբանկատ հարցի կապակցությամբ։ Իսկ Արցախի տեղեկատվական շտաբն ի՞նչ տրամաբանությամբ է տարածում այն։

Երկրորդ․ արդյո՞ք անվտանգության խորհդի գրասենյակի հայտարարությունը պիտի հասկանալ այնպես, որ ԱՀ անվտանության խորհրդի ողջ կազմը բնավ էլ դեմ չէ Լաչինի միջանցքում ռենտգեն-սկաների տեղադրմանը։

Եվ վերջում՝ անվտանգության խորհրդի քարտուղարը պիտի կամք ունենա իր անունից հայտարարելու կուլիսային պայմանավորվածությունների մասին, ոչ թե խոսափելու պատասխանատվությունից և գրասենյակի անունից հասարակական կարծիք ստուգելու։

Պարոնա´յք, անվտանգության պատասխանատուներ, հասարակությունը պատասխաններ է ակնկալում ձեզնից։