Բաքուն և Մոսկվան պայմանավորվել են Արցախի հարցում. քպ-ական իշխող խմբակը համաձայն է ինքնիշխանության կորստին

Մանրամասներ

1

Երեւանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, հայտարարել է Բաքվի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսում։

«Ադրբեջանական կողմը առավելագույնս միտված է այս հարցի շուտափույթ լուծմանը, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է նա։

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա, մեկնաբանել է Սերգեյ Լավրովը անհասկացողների համար։ Բայրամովն ի պատասխան ասել է, որ Բաքուն պատրաստ է երաշխավորել հայերի իրավունքները՝ ինչպես «Ադրբեջանի բոլոր քաղաքացիներինը», իսկ դա նշանակում է, որ Մոսկվան և Բաքուն պաշտոնապես հայտարարում են իրենց պայմանավորվածության մասին։

Բաքուն և Մոսկվան շտապում են «խաղաղության պայմանագիր» կնքել մինչև տարեվերջ, ԱՊՀ հռչակագրի հիման վրա։ Հայկական կողմը պաշտոնապես ընդունել է Ռուսաստանի միջնորդությունը և տապալում է համաշխարհային դերակատարների առաջարկած նախաձեռնությունները։

Երևանի այս դիրքորոշումը Բայրամովին և Լավրովին թույլ է տալիս անգամ չհիշատակել միջազգային հանրության, մասնավորապես ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ԵԱՀԿ-ի փորձերը՝ վերադառնալու բանակցություններին ԵԱՀԿ միջազգային մանդատի շրջանակներում։

Այս պարագայում, Լավրովի խոսքով, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աջակցությամբ «խնդրի լուծումը մեծապես հեշտանում է»։

Այսօր Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելը սխալ է։ Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Դա, նրա կարծիքով, գիտակցում է նաեւ ընդդիմությունը։ «Դա կփակեր բանակցային գործընթացը, և ոչ թե Ադրբեջանի, այլ միջնորդների հետ», ասել է նա։

Ագազարյանը չի ասել, թե որ միջնորդների մասին է խոսքը, թեև նրա վարչապետը դեռ փետրվարին ասել էր, որ ընդունել է ռուսական միջնորդությունը։ Թե ինչու է Փաշինյանը մեկ տարի հանդիպել Մակրոնի, Շառլ Միշելի հետ, ինչի մասին է զրուցել Բլինքենի հետ, կարելի է միայն ենթադրել. նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց հետո Հայաստանի իշխանության ողջ քաղաքականությունն ուղղված է միջազգային միջնորդներին «բացատրելու», որ չմիջամտեն ռուս-թուրքական ծրագրերին։ «Բացատրության» համար օգտագործվում են շանտաժն ու նենգափոխումները՝ ցեղասպանության, պատերազմի եւ «ավելի վատ հետեւանքների» սպառնալիքի մասին։

ԱՄՆ պետքարտուղարի հատուկ բանագնաց Ֆիլիպ Ռիքերն արդեն հինգերորդ օրն է Երեւանում է։ Ի տարբերություն Ռուսաստանի, ամերիկյան կողմը չի հայտարարում, որ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Ընդհակառակը, վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ Ղարաբաղի «վիճելի» հարցը չի լուծվել։ Իսկ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձեւեր 1994 թվականի շփման գծին վերադառնալու եւ Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին։

Միջազգային հանրության աչքում մենք դարձել ենք օկուպանտներ, ասում է Աղազարյանը՝ հիշեցնելով, որ «ՄԱԿ-ը մի քանի որոշում է կայացրել հայկական ուժերն այդ տարածքներից դուրս բերելու վերաբերյալ»։

Հայաստանի իշխող կուսակցությունը (որի հետ, ինչպես ասում է Աղազարյանը, համակարծիք է նաև ընդդիմությունը), ըստ ամենայնի կարծում է, որ հայերը օկուպացրել են նաև Հայաստանը, և համաձայն են վերացնել պետությունը։

Սկզբնաղբյուր