Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել մինչև Նոր տարի. VIDEO

Մանրամասներ

Դեկտեմբերի 5-ին Բաքու են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և այդ երկրի Գլխավոր շտաբի պետը։ Նույն օրը նաև մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնց աշխարհագրությունը տարածվում է մինչև Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Նշենք, որ, ըստ զորավարժությունների սցենարի, նախատեսվում են վարժանքներ, որոնց նպատակն է անցնել Արաքս գետը և հակառակորդի թիկունքում ճեղք բացել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, «Հայկական նախագծի» համահիմնադիր և «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները դիտարկեց ոչ թե ընդդեմ Իրանի, այլ ընդդեմ Հայաստանի նախապատրաստվող ռազմական գործողությունների համատեքստում։

«Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել մինչև Նոր տարի. այդ երկիրը հիմա հետապնդում է երկու նպատակ. նախ՝ վերահսկողություն սահմանել Լաչինի միջանցքում, որպեսզի կարողանան ստուգել անցնող-դարձողներին, հայտնաբերել Պաշտպանության բանակում ծառայածներին և նրանց ձերբակալել։ Եկեք հիշենք, որ Ադրբեջանում Արցախի ՊԲ-ում ծառայածների նկատմամբ հիմա ընթանում են քրեական վարույթներ։ Հենց այս նպատակի համար է նաև Ադրբեջանին պետք Լաչինով միջանցքը։ Ադրբեջանի երկրորդ նպատակը Սյունիքով միջանցքն է. այն զորավարժությունները, որոնք այսօրվանից մեկնարկել են, ուղղված են Հայաստանի և ոչ թե Իրանի դեմ։ Հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը տեսնում է, որ Ռուսաստանն ուկրաինական ճակատում ունի խնդիրներ, իսկ Իրանում ներքին ճգնաժամ է սկսվել. Իրանը հիմա ռազմական գործողությունների պատրաստ չէ, հետևապես, Ադրբեջանի և Թուրքիայի համար ստեղծվել է պատմական պահ՝ Հայաստանի վրա հարձակվելու համար։

Այո՛, Սյունիքով միջանցքը Իրանի համար կարմիր գիծ է, բայց Իրանը հիմա պատրաստ չէ ընդդեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների՝ իր ներսում առաջացած լուրջ խնդիրների պատճառով»,- ասաց Մելքոնյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների սցենարների մեջ է մտնում հակառակորդի ավտոշարասյուներին հետևելը, դրանք կանգնեցնելը, անձնագրերը ճիշտ ստուգելը։

Ըստ Մելքոնյանի՝ այս սցենարից պարզ է դառնում, որ Ադրբեջանը դա անելու է, երբ հաստատվի Լաչինի միջանցքում։

Պատմական գիտությունների թեկնածուի փոխանցմամբ՝ այս սպառնալիքներին դիմակայելու համար Հայաստանի իշխանությունը ոչինչ չի ձեռնարկում, ավելին՝ ոչինչ չի անում նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանը սպառնալիք է ստեղծում Հայաստանից Արցախ գնացող ՀՀ քաղաքացիների համար, որոնք մնացել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, որն ապօրինի փակել էին ադրբեջանցիները։

«Ադրբեջանի նպատակն է Արցախը հայաթափել և դա անել նաև տնտեսապես Արցախը խեղդելով, դրա համար է թիրախավորել տնտեսական կենտրոններից մեկը՝ Դրմբոնի հանքը։ Պետք է ընդգծել, որ այս քայլով Ադրբեջանը խախտեց 2022 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերից մեկը, իսկ այդ հայտարարությունը ստորագրած կողմերից մյուսը՝ Հայաստանի իշխանությունը, մինչև հիմա շարունակում է պահել լռություն այդ խախտման ու սպառնալիքի վերաբերյալ։ Դա նշանակում է, որ Հայաստանի իշխանության համար այն, ինչ կատարվում է Արցախում, համարվում է Ադրբեջանի ներքին գործ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները փաստացի բլոկադայի մեջ էին հայտնվել, իսկ դրա վերաբերյալ Հայաստանի իշխանության լռությունը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացու անվտանգությունը այս իշխանությունը չի կարող ապահովել, ինչն անելու համար իր ստորագրությունն է դրել փաստաթղթերի տակ։ Այս իշխանությունը նաև որևէ նախապատրաստություն չի տեսնում ապագայում կանխելու համար Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակման կրկնությունը, կամ դրա նման պրովոկացիաները»,- խոսքը եզրափակեց Մելքոնյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում