Պետությունը սուբսիդավորում է սահմանամերձ բնակիչների հարկերը, կոմունալներն ու ուսման վարձը

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում

Եռագույնը պարզած փոքրիկի գյուղը Այգեպարն է, որն ադրբեջանական զինուժը թիրախավորեց 2020-ի հուլիսին:

Գնդակոծված գյուղը վերականգնվեց պետության ջանքերով: Այգեպարցի Բենիկ Անիկյանը մասնակցել է ծննդավայրի պաշտպանությանը, այստեղ կառուցում է երկրորդ տունը, վստահեցնում՝ ընտանիքի ապագան տեսնում է միայն Այգեպարում:

Բենիկ Անիկյան (Այգեպարի բնակիչ) - Սարքել եմ, որ մնամ էլի:

Մինչև շինարարները կավարտեն գործը, գազօջախին պատրաստվում է նրանց ընդմիջումը: Ճաշ եփել, պահածո պաստրաստել, օղի թորել, թե տունը ջեռուցել. ցուրտ եղանակին մեծանում է ծախսը: Գազի, հոսանքի վարձի մասնակի փոխհատուցմամբ պետությունը փորձում է թեթևացնել սահմանին ապրողների հոգսը:

Էլմիրա Ստեփանյան (Այգեպարի բնակիչ) - Կոմունալի փողերը, որ իրանք տան կիսով չափ, քիչ գումա՞ր ա թոշակառուից:

Գնել Խաչատրյան (Այգեպարի բնակիչ) - Եթե խոսքի մի ամսում գազը, լույս վառում եմ 5000 դրամ, 2500 դրամ փող եմ տալիս: Էլի օգնում ա էլի: Պետությունն օգնում ա:

Հայաստանի 23 համայնքի Ադրբեջանին սահմանակից 82 բնակավայր օգտվում է սոցիալական այս աջակցությունից:

Սահմանամերձ բնակավայրերում գազի, հոսանքի, անշարժ գույքի հարկի ու ոռոգման ջրի վարձավճարի սուբսիդավորման համար պետությունը 2021-ին հատկացրել է 1 մլրդ 152 մլն դրամ, նույնքան գումար նախատեսված է այս տարվա համար:

Աննա Իվանյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության պետ) - Էլեկտրաէներգիայի դեպքում հաշվարկը կատարվում է 1440 կվ/ժ էլեկտրաէներգիայի 50 տոկոսի չափով, դա տարեկանն է, բնական գազի դեպքում՝ 360 խ/մ -ի 50 տոկոսի չափով՝ տարեկան կտրվածքով, ոռոգման ջրի դեպքում՝ սահմանափակում չկա, դրանք բոլորը 50 տոկոս են, անշարժ գույքի հարկի դեպքում դա ամբողջական փոխհատուցում է:

Անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում է տրամադրվում 54 298 ֆիզիկական և իրավաբանական անձի: 50 տոկոս զեղչվում է 26 303 բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի, 13 335 բնակչի սպառած բնական գազի գումարը:

Ոռոգման ջրի դեպքում ՝ աջակցությունից օգտվում է 4 022 ֆիզիկական և իրավաբանական անձ:

Աննա Իվանյան - Ընդ որում ՝ հաշվարկը համայնքի վարչական տարածքում գտնվող մարտական գործողությունների ընթացքում տուժած, նաև հակառակորդի կողմից գնդակոծման ենթակա գյուղատնտեսական նշանակության, նաև բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի վրա հողի հարկի և այդ հողի վրա կառուցած շինության վճարման ենթակա գույքի տարեկան գույքահարկը ֆիզիկական, իրավաբանական անձանց անունից համայնքային բյուջե է վճարվում կառավարության կողմից:

Չգազիֆիկացված սահմանամերձ համայնքների բնակիչներին ևս աջակցում է պետությունը՝ տարեկան 180 խ/մ գազի չափով էլեկտրաէներգիա հատկացնելով:

Աննա Իվանյան - Փոփոխությունը նախատեսվում է այնպես, որ գումարը հետ է գնում պետական բյուջե, որ այդ ավելի գումարը նպատակային լինի կառավարության կողմից, զուտ էդ հաշվարկներն են կատարվում: Կոպեկ-կոպեկ ինչ ծախսվում է, հաշվետվությունը տալու ժամանակ ֆիքսվում է վերջանակն գումար, ինչքան ծախս ենք ունեցել, մնացածը ետ է վերադարձվում պետական բյուջե:

Մինչև 80 տոկոս զեղչվում է սահմանամերձ բնակավայրերի ուսանողների վարձավճարը: 2021-ին տրվել է 220 մլն դրամի աջակցություն, արտոնությունից օգտվել է 850 ուսանող: Տավուշից Մարիամ Մամյանն ապագա միջազգայնագետ է, ուսման վարձը տարեկան 780 հազար դրամ է:

Մարիամ Մամյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող) - Պետությունը տարեկան փոխհատուցում է իմ վարձը 60 տոկոսի չափով: Տարեկան 780 հազարի փոխարեն ես ընդամենը վճարում եմ 310 հազար դրամ: Սա շատ լավ հնարավորություն է, որ ընձեռում է պետությունը սովորել իմ սիրած բաժնում առանց մտահոգվելու ուսման վարձի մասին: Շահագրգռում է, որ լավ սովորեմ, որովհետև փոխհատուցումը կախված է մոգի գնահատականից:
Ճամբարակցի Գայանե Խաչատրայնը սովորում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, նրա դեպքում կառավարությունը տրամադրում է ուսման վարձի 50 տոկոսը:

Գայանե Խաչատրյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող) - Այսինքն՝ 300 հազար դրամը, որն իսկապես մեծ օգնություն է, գումարի մնացած մասով էլ կարողանում եմ հոգալ մնացած ծախսերը Երևանում:

Ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստանում են ուսանողները, որոնք վերջին 5 տարում մշտապես բնակվել և դպրոցը ավարտել են տվյալ սահմանամերձ համայնքում: Ուսման վարձը զեղչվում է ոչ միայն պետական, այլ նաև հավատարմագրված ոչ պետական, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների համար:

Լուսինե Գրիգորյան (ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ) - Նախկին կարգավորումով միայն բարձր առաջադիմությամբ ուսանողներն էին ստանում 60 տոկոս փոխհատուցում, բայց վերջին երկու տարիներին մշակել ենք կարգը և անկախ ամեն ինչից առաջադիմության պահանջը առաջնային ենք դարձրել:

Տիգրան Գալստյան (ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ) - Բակալավրի և ինտեգրված կրթական ծրագերի համապատասխան մասնագիտության 1-ին կուրսում ուսանողները ստանում են մասնակի փոխհատուցում բուհի կողմից սահմանված վարձի 50 տոկոսի չափով աջակցություն, իսկ ուսումնառության հաջորդ կուրսերում մինչև 80 տոկոս՝ կախված առաջադիմությունից:

Սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկը հաստատվել է 2014-ին, հետագայում որոշակի փոխվել: Վերջին ռազմական գործողություններից հետո ցանկն ընդլայնվել է, իսկ այս տարի ներառվել է նաև Սյունիքի Վարդավանք համայնքը: Սամանամերձ են Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը, Վայոց Ձորը, Արարատը: Բացի 82-ից, կան նաև այլ համայնքներ, որոնք սահմանակից են Ադրբեջանին, բայց աջակցության ցանկում դեռևս ընդգրկված չեն: Տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանի խոսքով՝ կառավարությունը քննարկում է ցանկն ընդլայնելու հարցը:

Աննա Իվանյան - Որպեսզի կարողանանք հասկանանք՝ ինչ ունենք և ինչ էլ ավելին կարող ենք անել: Որ կարողնանանք գտնել մեխանիզմներ, հասկանանք՝ էլ ինչ մոտեցում կարող ենք ցուցաբերել համասոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկը ընդլայնելու և միգուցե ավելի գլոբալ քայլեր կատարելու համար:

Սահմանամերձի բնակչին պետությունն օգնում է նաև գյուղատնտեսական մի շարք ծրագրերով, արտոնություն տալիս խելացի անասնաշենք, ջերմոցային տնտեսություն հիմնելու, լիզինգով գյուղտեխնիկա ձեռքբերելու, տավարաբուծության զարգացման ծրագրերի համար՝ տրամադրելով անտոկոս վարկեր կամ սուբսիդավորում վարկերը: Սահմանամերձին տրվող պետական աջակցության ծրագրերն այս տարի ևս մեկով ավելացան: Սահմանամերձ համայնքներում առաջիկա երկու տարում հնարավոր է տուն կառուցել պետական աջակցությամբ: Աջակցություն կտրամադրվի հիպոտեկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և մինչև 13%-ի հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։

Ծրագրից կառավարության ակնկալիքները մեծ են՝ բնակֆոնդի թարմացումից մինչև մարդկանց հոսք ու նորաստեղծ ընտանիքների ավելացում սահմանին: