Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում 200 տարվա ներկայության ավարտի փուլ ենք մտնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Lragir.am-ի զրուցակիցն է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը․

Պարոն Ղուկասյան, այսօր մի քանի ժամով փակվեց Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

Իմ կարծիքով՝ սա փորձ է խոչընդոտել հնարավոր բանակցությունների ընթացքը։ Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Եվրամիությունը ճնշում են գործադրում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի կողմերը կնքեն խաղաղության պայմանագիր։ Եվ այդ թվում՝ համաձայնություն տան փոխել անվտանգության երաշխավոր Ռուսաստանին միջազգային խաղաղարար ուժերով։ Տեսնում ենք, որ ամեն կերպ դրան փորձում է հակադարձել Ռուսաստանը։ Իսկ ինչ տեղի ունեցավ այսօր, ակնհայտ է, որ դա առնչություն ունի ռուսական կոնտինգենտի հետ։

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Ալմաթիի հռչակագրով «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է»։ Ռուսական կողմի հայտարարություններն ի՞նչ են փաստում։

Ես կարծում եմ, որ Լավրովն արձագանքում էր ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Ըստ էության ինքը փորձեց Ռուսաստանի վրայից հանել 44-օրյա պատերազմի արդյունքի պատասխանատվությունը և Հայաստանի կողմն ուղղեց սլանքերը, որ Հայաստանն է համաձայն, որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Այդ մասով այդ ելույթը ուղղված էր Նիկոլ Փաշինյանի դեմ, թուլացնում էր նրա դիրքերը։ Մյուս մասով նրա հայտարարություններն անհամաձայնություն են Արևմուտքի այն պնդումներին, որ ռուսական զորքերը պետք է դուրս գան։ Եվ իր հատարարությունները, թե Ադրբեջանը պատրաստ է երշախավորել մարդու իրավունքներն Արցախում, ըստ էության փորձ էր ներկայացնել, որ եթե ռուսական զորքերը դուրս գան, ապա միջազգային զորքեր չպիտի մտնեն Արցախ, Ադրբեջանի վերահսկողության տակ պետք է անցնի այդ տարածքը։ Այսինքն, պարզ ասած, Ռուսաստանի արձագանքը Ֆրանսիայի ու ԱՄՆ քայլերին այն է, որ Ռուսաստանը կտրուկ համաձայն չէ, որ այնտեղ մտնեն միջազգային խաղաղարար ուժեր, որ Ֆրանսիան իր վրա վերցնի Արցախի պատասխանատվության մանդատը։ Եվ իրենք այընտրանքը ձևակերպում են այսպես՝ կամ ռուսական զորքեր, կամ Ադրբեջանի հսկողություն՝ դրանից բխող բոլոր վտանգներով։ Սա պարզապես շանտաժ է։

Եվ այդ շանտաժը կարո՞ղ է շարունակական լինել։

Այո, քանի դեռ Հայասստանի ու Ադրբեջանի ղեկավարները շահագրգռված են այս վիճակը պահպանել, իհարկե, դա այդպես է լինելու։ Եվ այստեղ շատ բան կախված է նրանից, թե Արևմուտքն ինչ ճնշումներ կարող է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ։

Հայաստանի իշխանությունների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։

Հայաստանի իշխող ուժը,Ադրբեջանի իշխող ուժը դիմադրում են այն իրողությանը, որ Ռուսաստանը պետք է դուրս գա տարածաշրջանից, ինչն Արևմուտքի պահանջն է, և Ռուսաստանի՝ անվտանգության երաշխավորի այսօրվա դերակատարությունը պետք է անցնի Ֆրանսիային։ ԱՄՆ-ն պատրաստ է իր աջակցությամբ այդ ծրագիրն իրականացնել։ Ռուսաստանի՝ այս տարածաշրջանում 200 տարվա ներկայության ավարտի փուլ ենք մենք հիմա մտնում։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանում և Ադրբեջանում տեղական էլիտաները դրան կտրականապես դեմ են և ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդպիսի իրողությունը հնարավորինս հետաձգեն։ Մեծ հաշվով դա է կատարվող իրողությունը։ Եվ իրադարձությունները, որոնք կատարվում են, ես տրամաբանում եմ այդ տեսանկյունից, որ ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի էլիտաները չեն կարող կտրուկ դեմ դուրս գալ Արևմուտքին, բայց իրենք ողջ ներուժով աջակցում են հնարավորինս դանդաղեցնելու Ռուսաստանի՝ տարածաշրջանից դուրս գալու գործընթացը։