Մարզահամերգային համալիրում մետաղորսիչների միջոցով ստուգվելու են քաղաքացիները և նրանց իրերը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Այս մասին հայտարարություն է տարածել Ոստիկանությունը:

««Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով դեկտեմբերի 5-ին, ժամը 15․00-ից փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։ Մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։

Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։

Ինչպես Բրազիլիայի հրապարակից, այնպես էլ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի շրջակայքից, ավտոբուսները, անվճար երթուղիով, երգի միջազգային մրցույթի այցելուներին կտեղափոխեն Մարզահամերգային համալիր։

Ե՛վ Հանրապետության հրապարակում, և՛ Մարզահամերգային համալիրում ոստիկանությունը մետաղաորսիչների միջոցով ստուգելու է քաղաքացիներին և նրանց իրերը։

Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը»,- նշված է հայտարարությունում: