Մինչև 2024 թ. կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստանում ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացությունը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից: «Բացի այդ ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը»,-ասաց Ֆիդանյանը:

Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Իսկ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից: