Թուրքիան և Հայաստանի կառավարությունը ճաշի սեղանի շուրջ «լուծել են» ղարաբաղյան հակամարտությունը

Մանրամասներ

1

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական է, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։

Նրա խոսքով, վերջին շրջանում կանոնավոր շփումներ են իրականացվում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջեւ։ Այդ շփումների ընթացքում, մասնավորապես, քննարկվում է երկրների միջեւ սահմանը հատելու հնարավորության իրականացումը։

«Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է, և այժմ երկրները համագործակցություն են հաստատում առանց երրորդ կողմերի միջնորդության։ Սա առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասել է Քալընը:

Այսպիսով, Թուրքիայի նախագահի օգնականն արձանագրում է, որ «ղարաբաղյան հակամարտությունը» կարգավորվել է, եւ իրենք արդեն սկսել են քննարկել Հայաստանի հետ սահմանի բացման հարցը։

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Քալընի հայտարարությանը, նշելով, որ նոյեմբերի սկզբին սահմանին տեղի է ունեցել հայկական և թուրքական տեխնիկական պատվիրակությունների հանդիպումը, չնշելով «ղարաբաղյան լուծված հակամարտությունը»։

ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ «հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված տեխնիկական հարցեր։ Քննարկումները կշարունակվեն»։

Իբրահիմ Քալընն ասել է, որ երկու երկրների ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել Հայաստանի տարածքում։ Ճաշի ժամանակ էլ հավանաբար պայմանավորվել են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։

Փաշինյանի կողմից Հայաստանի անկախության հռչակագրի ուրացումից հետո նրա կառավարությունն ուրանում է նաև Հայաստանի և Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, որին անդրադարձ կա Հայաստանի անկախության հռչակագրում։

Մինչ Հայաստանի կառավարությունն ու Թուրքիան ճաշում են և «լուծված համարում» Արցախի խնդիրը, Արցախը ճանաչելու կոչով բանաձեւեր են ընդունում Ֆրանսիայի ԱԺ երկու պալատները։

Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հիշեցնում է, որ անհրաժեշտ է բանակցել կարգավիճակի շուրջ։ «Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկումներ լինեն։ Ես գիտեմ, որ նախագահ Ալիևը հակամարտության բոլոր հարցերը համարում է լուծված, և այս ամենը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցն է, սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու ընթացակարգային անհրաժեշտություն կա։ Սա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ», ասել է Ուորլիքը:

Սկզբնաղբյուր