Պահեստազորից ծառայության վերադարձողն ատեստավորվելու է

Մանրամասներ

Մարտական խնդիրների անմիջական իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթ ունեցող սպաները, ենթասպաներն ու շարքայինները հավելավճար կստանան, եթե հաջող անցնեն ատեստավորումը: Օրենքի նախագիծն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սուրեն Պապիկյանը: Պաշտպանության նախարարը նշեց՝ գործող սպաների համար միայն ատեստավորումը կլինի կամավոր:

Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման՝ պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո, և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը:

Ատեստավորումն անցածների համար հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից: Զինծառայողը կպարտավորվի ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, եթե ցանկանում է պահպանել հավելավճարը:

«Հայաստան» խմբակցությունն առաջարկեց ունենալ ատեստավորման երկու համակարգ՝ մեկով կորոշվի` արդյոք զինծառայողը համապատասխանում է պաշտոնին և ունի առաջխաղացման հեռանկար, մյուսը՝ միայն հավելավճարի նպատակով: Պաշտպանության նախարարության համար առաջարկն ընդունելի չէ:

Սուրեն Պապիկյան - Երեք տարին մեկ անգամ զինծառայողին երկու անգամ ատեստավորման ենթարկելը համարում ենք իմաստազուրկ, քանի որ երկու տեսակի ատեստավորման բովանդակությունը նույնն է, այն է՝ ֆիզիկական և կրակային պատրաստություն, մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության ստուգում:

Ընդդիմադիրների առաջարկը չընդունվեց, նրանք էլ հրաժարվեցին մասնակցել հիմնական օրինագծի քվեարկությանը: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ձայներով:

Ներկայացված մեկ այլ նախագծով էլ Պաշտպանության նախարարությունը պարտադիր զինծառայություն անցնողների համար նախատեսում է ներդնել պայմանագրային զինծառայության անցնելու նոր համակարգ: «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը ծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն է նախատեսում:

Սուրեն Պապիկյան - Պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել հինգ միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է:

Պայմանագիր կնքած զինվորները ևս կկարողանան ատեստավորվել` դրական արդյունքի դեպքում հավելավճար ստանալով: Պայմանագրային ծառայությունից ժամկետից շուտ հրաժարվելու դեպքում զինծառայողը պարտադիր ժամկետային ծառայությունը պարտավոր կլինի ամբոջությամբ շարունակել:

Օրինագծի ընդունման դեպքում կդադարեցվի «Ես եմ» ծրագիրը: 44-օրյա պատերազմում զոհված «Ես եմ» ծրագրի մասնակից զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ պատվովճար:

Հեղինակ` Նորայր Շողիկյան

1lurer.am