Պուտինը ռազմական դրություն կմտցնի և կհայտարարի համընդհանուր մոբիլիզացիա. Ռուսաստանը «փակվում» է․ Արգելվելու է նաև տեղաշարժը երկրի ներսում

Մանրամասներ
ա

Վերջին մեկ ամսում Ռուսաստանում ուժի մեջ են մտել բազմաթիվ իրավական կարգավորումներ օրենքների ու հրամանագրերի տեսքով, որոնցով խստացվում կամ սահմանափակվում են ներքին ազատությունները, ավելի ճիշտ՝ վերացվում են դրանց մնացորդները։

Ռուսական փորձագիտական շրջանակներում քննարկվում են Կրեմլի հետագա ծրագրերը, մասնավորապես՝ ռազմական դրության ռեժիմի սահմանումը եւ համընդհանուր մոբիլիզացիան, որոնք իրականացվելու են որոշ դեպքերում «ֆորմալ» ձեւակերպումների։ Պուտինն արդեն համապատասխան հրամանագրեր է ստորագրել ծանր հանցանքներ կատարածներին, կանանց ու միգրանտներին զորակոչելու վերաբերյալ։ Սակայն դա ամենը չէ։

Ներկայում, ըստ տարածվող տեղեկությունների, քննարկվում է երկիրը «փակելու» հարցը։ Ըստ այդմ, սահմանափակվելու են ոչ միայն երկրից դուրս գալու թույլտվությունները, այլեւ ներքին տեղաշարժերը ՌԴ տարածաշրջանների ու բնակավայրերի միջեւ։ Տնտեսական գործունեությունը ենթարկվելու է նոր ռեժիմին․ հանուն «երկրի պաշտպանության կարիքների» հնարավորություն է տրվելու տնօրինել քաղաքացիների, ընկերությունների գույքը, աշխատակիցներին, ֆինանսները եւ այլն։ Զուգահեռ, ստեղծվելու է պետական ռեեստր զինապարտ եւ պոտենցիալ զինապարտ քաղաքացիների ամբողջական տվյալներով։

Կրեմլը Ուկրաինայում պատերազմը օգտագործում է ներքին խնդիրները կարգավորելու համար, այդ թվում՝ էթնիկ շրջաններում։ Երկիրը «փակելու» այս քայլերն ուղղված են ուկրաինական ճակատներում կորուստները համալրելուն եւ սպառազինության ու պրոֆեսիոնալ զինվորականության պակասը քանակով փոխհատուցելուն, միեւնույն ժամանակ՝ ներսում պատերազմի եւ սոցիալ-տնտեսական դժվարությունների կապակցությամբ բողոքի հնարավոր ելույթները չեզոքացնելուն։ Ռուսաստանը վեր է ածվում Գուլագի, ըստ էության՝ դադարելով լինել պետություն բառի դասական իմաստով։

Փորձագետները չեն բացառում նաեւ նախկին միութենական երկրների դեմ «հաղթական փոքր արշավները»՝ Բելառուսի ինկորպորացիայի, Վրաստանում ռազմական ուղիղ միջամտության եւ Հայաստանի «փրկության» տեսքով։ Հայաստանի դեպքում երեւի բոլորին է պարզ՝ որպեսզի ռուսները «փրկեն», թուրքերը պետք է հարձակվեն։ Մոսկվայի ու Բաքվի վերջին շրջանի ներդաշնակ ու համակարգված քարոզչությունը ցույց է տալիս, որ նման համաձայնությունն արդեն առկա է։

Կրեմլի քաղաքականության թիրախներից մեկը Ռուսաստանի հայությունն է, ուկրաինական ճակատների ու Ռուսաստանի այլ «հատուկ գործողությունների» ամփոփագրերում, մամուլի հրապարակումներում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում հայկական անուններ, ընդգծված շեշտադրումներով։ Այս թեմային ամիսներ շարունակ Լրագիրը բազմիցս անդրադարձել է, սակայն մեր հայրենակիցների իրավունքների ու խնդիրների վերաբերյալ թե ՀՀ կառավարական շրջանակների, թե ռուսահայ կազմակերպությունների կողմից աշխատանք նկատելի չէ։ Հայ համայնքը Կրեմլի համար միշտ եղել է պատանդի կարգավիճակում, իրավազուրկ, եւ այդ վիճակը շարունակվում է։

Սկզբնաղբյուր