ՀՀ պետական սահմանը հատած Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է ինը ամիս ազատազրկման

Մանրամասներ

1

Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է 9 ամիս ազատազրկման։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Թուրքիայի քաղաքացի Աթայ Բիլալը 2022 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 18:54-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ սահմանային անցակետերը, հետիոտն անցնելով հայ-թուրքական սահմանով հոսող Արաքս գետը և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալի կողմից հսկվող տարածքում հաղթահարելով ինժեներատեխնիկական պատնեշը, ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայի կողմից մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից։

Նրան մեղադրանք  է ներկայացվել նախկին ՔՕ–ի 329–րդ հոդվածի 1–ի մասի հատկանիշներով, որը նախատեսում էր պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Թուրքիայի քաղաքացին դատապարտվել է ազատազրկման ինը ամիս ժամկետով, ազատազրկման սկիզբ համարվել է հունվարի 8–ը։