«Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել և մի քանի մետր շպրտվել է, կա վիրավոր

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկի» տարածքում «Բիո Ռոբոտ» ատրակցիոնի շահագործման ընթացքում դեռևս անհայտ հանգամանքներում պտտվող նստարաններից մեկը պոկվել և մոտ 6 մետր շպրտվել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ատրակցիոնի նստարանի շպրտվելու հետևանքով այնտեղ գտնվող քաղաքացին մարմնական վնասվածքներ է ստացել, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել թիվ է համալսարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինն օգնության են հասել ատրակցիոնի աշխատակիցները։ Այս պահին տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները։ Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ-առևտրային կազմակերպության փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը։

Այս պահին պարեկներն սպասում են նաև, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ՌԴ քաղաքացի 29-ամյա Աբաբի Յակովն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «կատատրավմա, գանգուղեղային վնասվածք, շոկային վիճակ» ախտորոշմամբ։