«6 տարի ՊՆ-ին դիզվառելիքը ես եմ մատակարարել». Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով առանցքային վկան հարցաքննվեց

Մանրամասներ

Երեւանի Ավան եւ Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 24-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ Գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով դատական նիստին հարցաքննվեց գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանը։

Նշենք, որ այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում էին՝ գործով վկայի՝ դատարան չներկայանալու պատճառով։

Վկան անդրադառնալով գործում հիշատակված դիզվառելիքի մրցույթին՝ նշեց, որ այն վերաբերում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ գյուղացիներին սուբսիդիայով դիզվառելիք մատակարարելուն. «Ընդհանուր 27 միլիոն լիտր էր, բայց մենք ֆիքսված էինք 17 միլիոն լիտր դիզվառելիք ներկրելուն եւ գյուղացիներին մատակարարելուն»։

Դատախազի այն դիտարկմանը, թե այդ շրջանում շուկայում մատակարարվող դիզվառելիքի արժեքը 470 դրամ էր, վկան հակադարձեց. «Մենք տատանվել ենք 425-ի եւ 430-ի միջեւ։ Մենք տվել ենք ռեալ շուկայական գին։ Պարսկաստանից հնարավոր էր ավելի էժան գնով բերել դիվզառելիքը, մենք հաշվարկել ենք ու տատանվել ենք ընդամենը 5 դրամի շրջանակում. 430-425։ 425 տվել ենք, որովհետեւ  ինֆորմացիա ունեինք»։

Նա նշեց, որ վեց տարի Պաշտպանության նախարարության դիզելային վառելիքն իր ընկերությունն է մատակարարել ՊՆ-ի համար արտոնյալ գներով։

Վկան պատմեց, թե մրցույթի արդյունքների հայտնի դառնալուց 15 րոպե առաջ իր հետ խոսել է «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը եւ նախազգուշացրել, թե «իրենց դաշտ է մտնում»։

«Ես շուկայում եմ արդեն մոտ 20 տարի։ Ես շուկայում ճանաչել եմ բոլորին։ Որ «Ֆլեշն» է հաղթել հայտարարված մրցույթում, դրա մասին ինձ ասել են Լեննականից։ Ինձ այդ մասին ասել է Լեռնիկը, որը ողորմածիկ է հիմա։ Ազգանունը չեմ հիշում, բայց մականունը Թաթ էր, ձեռքը կտրված էր։ Քանի որ մենք շուկայում էինք ու պարտադիր էր, որ մենք նաեւ գնային քաղաքականության հետ կապված տեղեկացված լինեինք, կապի մեջ էինք շատերի հետ։ Զանգեցի Լեռնիկին, որ էլի որոշ բաներ ճշտեի ու ինքը ասաց, որ արդեն սկսել են գյուղատնտեսական վառելիքը վաճառել։ Ես Լեռնիկին չէր զանգել, որ հարցնեի՝ «Ֆլեշը» շահել է, թե՝ ոչ։ Ես իմացել եմ, որ «Մաքսը» չի մատակարարում, մնացել է միայն «Ֆլեշը»»,- պատմեց Սեւան Խաչատրյանը։

Դատախազը միջնորդեց դատարանին՝ հրապարակել վկայի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Հաշվի առնելով ցուցմունքի ծավալուն լինելը՝ դատավարության կողմերն առաջարկեցին դատական նիստը հետաձգել։ Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց դեկտեմբերի 15-ին։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։