«Մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաև ես». Աշոտյան

Մանրամասներ

1

Մեր ընդդիմախոսների կողմից տարածված կարծրատիպը, թե Սերժ Սարգսյանը 2013-ի սեպտեմբերին, մի գիշերվա ընթացքում փոխեց Հայաստանի ինտեգրման ուղղությունը, կատարյալ անհեթեթություն է, որը տարիներ շարունակ սերմանվել է գործից անտեղյակ կամ գործի էությունը միտումնավոր խեղող շրջանակների կողմից:

Այն քանիցս հերքվել է հանրային դաշտում, եւ մի քանի մեխ այդ միֆի դագաղին կխփեմ նաեւ ես։
1.Եվ այսպես, դեռեւս 2013-ի վաղ գարնանը, ՀՀԿ գործադիր մարմնի նիստերից մեկում, որին մասնակից եմ եղել նաեւ ես, քննարկվել է այս հարցը, որ եթե հանկարծ ԵՄ-ն մեզ կանգնեցնի ընտրության առջեւ, ապա որ ճանապարհով պետք է գնա Հայաստանը: Եթե «եւ՛-եւ՛»-ը, փոխվի «կա՛մ-կա՛մ» -ով ինչպիսի «կամ» պետք է ընտրենք մենք՝ ելնելով մեր անվտանգային եւ տնտեսական շահերից:

Թող ներեն իմ կուսակցական գործընկերները, բայց ԳՄ նիստում արտահայտվողների 100 տոկոսն այդ ընտրության մեջ՝ «կա՛մ-կա՛մ»-ի պարագայում, համապատասխան հիմնավորումներով, կողմ էին, որպեսզի նման երկընտրանքի դեպքում Հայաստանն ընդունի Ռուսաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները չփչացնելու, չխզելու տարբերակը: Նույնանման քննարկում տեղի է ունեցել նաեւ ՀՀ Կառավարության անդամների հետ: Եվ դա էր Հայաստանի անվտանգությունն ու տնտեսական կայունությունն ապահովելու միակ ճանապարհը:

2.Ավելին՝ 2013-ի հուլիսին՝ Քիշնեւում, տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը (EPP Eastern Partnership Summit), որին մասնակցում էին նաեւ այդ ժամանակահատվածում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Բարոզոն, եվրոպական այլ բարձրաստիճան չինովնիկներ եւ մի շարք պետությունների ղեկավարներ:
Հայաստանը ներկայացնում էր Սերժ Սարգսյանը, պատվիրակության կազմում էինք նաեւ Վիգեն Սարգսյանը, ես եւ այլ գործընկերներ: Այդ գագաթնաժողովին շատ բուռն փակ քննարկում տեղի ունեցավ՝ ընթրիքի ֆորմատով, որտեղ Սարգսյանի եւ Բարոզոյի միջեւ բաց խոսակցություն տեղի ունեցավ այն մասին, որ ԵՄ-ն խաղի ընթացքում սկսել է փոխել խաղի կանոնները

Եթե Արեւելյան գործընկերության պրոյեկտը մեկնարկել էր ոչ թե որպես անտագոնիստական պրոյեկտ աշխարհաքաղաքական իմաստով, ապա եվրոպական ղեկավարների խոսույթն ու պայմանները, որոնք թելադրվում էին Արեւելյան գործընկերության մասնակիցներին, հընթացս դարձել էին հակադրական: Ես ոչ միայն ականատեսն եմ եղել այն փաստի, որ Սերժ Սարգսյանը բաց տեքստով Եվրահանձնաժողովի նախագահին պատասխանել է, որ փոխում են խաղի կանոնները խաղի ընթացքում, ուստի Հայաստանին այլ ընտրություն չի մնում, այլ նաեւ՝ ինքս մասնակցել եմ այդ դիսկուրսին՝ մի փոքր թեմատիկ հատվածի հիմնավորումը վերցնելով ինձ վրա:

Սերժ Սարգսյանն իր ելույթի հրապարակային հատվածում եւս խոսել է այս մասին, նշելով. «Մեր պատկերացման մեջ Արեւելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որեւէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը»:

3.Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցին, ապա կարող եմ ուղիղ պնդել, որ այդպիսի ցանկություն մեր երկիրը հայտնել է դեռեւս Դմիտրի Մեդվեդեւի, որպես ՌԴ նախագահ, պաշտոնավարման ընթացքում, այսինքն՝ մինչեւ 2013 թվականը: Այս փաստերը բավական են հասկանալու համար, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի ազդարարված որոշումը չի՛ եղել մեկ գիշերվա որոշում: Ավելին՝ Հայաստան-ԵՄ բանակցությունները, որոնք տարվում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ, չեն եղել ՌԴ-ից գաղտնի կամ թաքուն:
Եվ, բնականաբար, Հայաստանի նման որոշումը անակնկալ չի եղել նաեւ ԵՄ ղեկավարների համար, քանզի այս մասին նրանց ներկայությամբ մի քանի անգամ խոսվել է նույն ԵԺԿ գագաթնաժողովների ընթացքում։

ՀՀԿ փոխնախագահ՝ Արմեն Աշոտյան