Զինվորներին կանսերվի բանկաների պես բեռնատարների մեջ իրար վրա էին լցրել, կային սպաներ, որ նույնիսկ չգիտեին, որ իրենք սպա են, որ իրենք շտատով անձնակազմի հրամանատարն են

Մանրամասներ

1

Կամավոր - աշխարհազորայինների հետ աշխատանքի երկարամյա փորձ ունեցող զինվորականներ, Ռազմահայրենասիրական կազմակերպությունների ղեկավարներ ՊՆ-ին են առաջարկել իրենց մշակած, տարբեր տարիքային խմբերի և ֆիզիկական հնարավորությունների տեր մարդկանց վրա փորձարկած ռազմաուսումնական ծրագրերը։ Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՊՆ՝ հետաքրքրվելով՝ կա ՞ համագործակցություն վերջիններիս հետ՝ հաշվի առնելով, որ մեր բանակին այժմ անհրաժեշտ է հնարավորինս արագ ունենալ մեծաթիվ մարտունակ պահեստազոր։ ՊՆ-ից պատասխանել են, որ ՌՀՀԿ-ների ղեկավարների հետ «մշտապես համագործակցում են»։

Oragir.News-ը կառույցներից մեկի՝ ՈՄԱ-ի հիմնադիր և ղեկավար Վովա Վարդանովից մեկնաբանություն խնդրեց՝ բավարար համարո՞ւմ է այդ համագործակցությունը։ «Տասնյակ տարիներ ՈՄԱ-ն լաբորատորիա է Պաշտպանության նախարարության համար։ Երբեմն մեծամտաբար արհամարհում են մեր ձեռքբերումները, երբեմն՝ ուսումնասիրում-նայում են, երբեմն էլ՝ վերցնում։ Օրինակ, ՊՆ-ի՝ 25 օրով վարժանքները օդից չեն վերցվել։ Արդեն մի քանի տարի է, որ ասում ենք՝ երեք ամսով մարդուն տանելն անհեթեթություն է՝ 25-30 օրն է ճիշտ։ Ուղղակի երկար ժամանակ ընդհանրապես չէին տանում՝ ոչ երեք ամսով, ոչ՝ մեկ ամսով, ոչ էլ՝ մեկ օրով։ 2020 թվականից հետո վերականգնվեց երեք ամիսը, որ շատ սխալ էր, հիմա ՊՆ-ն քաշում է հենց մեր առաջարկած մեկ ամիսը։ Ուղղակի մենք ուրիշ մեթոդաբանություն էինք առաջարկում, իսկ իրենք՝ ուրիշ։ Մենք առաջարկում ենք յոթ օր վարժանք, հետո զորախաղ, որն ամրապնդում է այն գիտելիքները, որ ստացել էին։ Երեք-չորս ամիս հետո նորից յոթ-տասն օրով կանչել։ Այսինքն՝ այն երեք ամիսն առաջարկում էինք մասնատել։ Այդ յոթ օրը բավական է, որ մի մարդը գործողություն սովորի։ Բայց պատերազմը բազմազան է, ու պատերազմի այբուբենը շատ տառեր ունի, ու այդ շատ տառերն իմանալը հնարավորություն է տալիս զինվորին պատերազմի պոեմ գրել։ Մի տառ իմանալով․․․ չգիտեմ՝ ինչքանով այդ մեթոդաբանությունը կաշխատի։ Ընդունել են մեր առաջարկի արտաքին տեսքը, բայց իր բովանդակային առումով այն արմարհվում է, իսկ դա լավ արդյունքի չի հանգեցնի»,- ասաց Վարդանովը։

Իսկ ինժեներական՞ն առաջարկները՝ հետաքրքրվեցինք․ «ՊՆ-ն ընդունում է, որ մեր սարքած գմբեթը լավն է, բայց խոչընդոտներ կան․ մենք դրա դիմաց գումար չենք ուզում, իսկ իրենք երևի դրա համար գումար են դուրս գրում։ Եվ հիմա առաջացնում են բյուրոկրատական խոչընդոտներ, իսկ դրա մեջ թաթախվելը բավական տհաճ երևույթ է։ Դու ավելին ես պատրաստ տալու, իսկ քեզանից քիչն են վերցնում ու շատ դանդաղ։ Բացի դանդաղ լինելուց, այդ համակարգը նաև բավական խանդոտ է ցանկացած կառույցում՝ քաղաքապետարան կամ այլ։ Բոլորին թվում է, թե եթե դու բանակաշինությանը աջակցում ես, ուրեմն հավակնություններ ունես։ Ես պարբերաբար կրկնում եմ իմ զինվորական կոչումը, որ իրենք մի քիչ հանգիստ լինեն․ ես շարքային եմ, ճիշտ է, 2020 թվականին շարքային լինելով՝ զորամասի հրամանատար եմ եղել, բայց կոչումս շարքային է, և չեմ կարող լինել շտաբի պետ կամ վարչության պետ։ Ես Պաշտպանության նախարարությունում չեմ կարող լինել բարձրաստիճան տեղ զբաղեցնել, քանի որ իմ կոչումն ամենաբարձրն է՝ զինվոր, բայց և այդ կառույցում ամենացածրն է՝ շարքային։ Դա իրենց հանգստացնում է, բայց ՝ ժամանակավոր»,- նշեց նա։

Արդյո՞ք ներկայացված առաջարկներին չհետևելը զուտ անձնական հիմք ունի՝ հարցրեցինք․ «Հաճախ իմ անձն ուղղակի նույնականացնում են ՈՄԱ կառույցի հետ, մինչդեռ մեզ մոտ շատ գործառույթներ են իրականացվում, որոնց գոյության մասին ես չեմ էլ իմացել՝ հատկապես թվային տեխնոլոգիաների կապ ունեցող հարցերում»,- պատասխանեց Վարդանովը։

Անդրադառնալով հարցին, թե որն է հիմնական խնդիրը՝ նա նշեց, որ խնդիրը համակարգ ստեղծելն է․ եթե աշխատում է համակարգը, ապա առաջացող մեկ-երկու խնդիրը չի կարող խափանել ամեն բան։ «Եթե մենք 2020 թվականին ճիշտ ճանապարհին կանգնած լինեինք, մոբիլիզացիայի արդյունքում կանչված քաղաքացիականների հետ աշխատանքը ճիշտ կազմակերպված լիներ, մենք չէինք ունենա այս խնդիրները։ Ես նկատի ունեմ այն բազմաթիվ վկայությունները, որ պատմում են՝ մեզ տարան-իջացրին, չգիտեինք՝ ինչ անենք, մեզ հետ սպա չկար։ Իսկ հարցն այն է, որ այդ բեռնատարների մեջ, ուր զինվորներին իրար վրա լցրել էին կանսերվի բանկաների պես, կային սպաներ, որ նույնիսկ չգիտեին, որ իրենք սպա են, որ իրենք շտատով անձնակազմի հրամանատարն են»։

Նա պատմեց, որ անձամբ հանդիպել է այդպիսի յոթ հոգանոց խմբի, նկատել մեկի ուսադիրները, բայց երբ հարցուփորձ է արել, վերջինս պատասխանել է․ «Ես ինչ մայոր, երկու տարին մեկ կոչումներս ավելացրել են, ես ուղղակի դասախոս մարդ եմ»։ «Իսկ ինքը պիտի գնացած լիներ նորմալ դասընթացների, պիտի ճանաչեր իր մոբին։ Կարճ ասած, մենք ունեինք մոբիլիզացիայի ենթարկվող քաղաքացիներ, բայց չունեինք մոբիլիզացիոն ռեսուրս, չունեինք ռեզերվային ստորաբաժանումներ։ Շատ քիչ ջոկատներ կային, որ կազմվում էին ռազմահայրենասիրական կամ ռազմասպորտային կառույցների հիմքի վրա․ դա շատ քիչ էր։ Մեր ընդհանուր ռեսուրսը տարբեր ռազմագետների կողմից գնահատվում էր 300-400 հազար հոգի, և դա նշանակում է՝ մեր մարտիկների թիվը կարող էր տասնապատիկ աճել։ Բայց այդպես չեղավ, քանի որ ձևավորված չէին դասակներ, վաշտեր և այլն»։

Հիմա, ըստ Վարդանովի, աշխարհազորը ձևավորելու համար տարբեր ռազմասպորտային և ռազմահայրենասիրական կառույցներ փորձում են բանակին պիտանի լինել։ «Բանակը շատ դանդաղաշարժ մեխանիզմ է՝ ինչպես ցանկացած մեծ պետական մեխանիզմ, մի քիչ հետադեմ հայացքներ ունի, փոփոխությունների շատ ծանր է արձագանքում։ Հիմա էլ նրան հանձնարարված է կատաստրոֆիկ մի բան՝ ռեֆորմներ անել՝ կտրուկ, մեծ, կարևոր․ հետն էլ դա ինքն իրեն պիտի անի․ ոնց որ հիվանդն ինքն իրեն վիրահատի։ Շատ դժվար է, գրեթե անհնարին, միայն կինոներում կարող է լինել նման բան, իրականում մարդն իրեն հազիվ մի ժգուտ է դնում։ Դրա համար ռազմահայրենասիրական, ռազմասպորտային, ռազմատեխնիկական բոլոր կառույցները, որ ուզում են բանակին օգտակար լինել, բանակային տարբեր գերատեսչություններ, վարչություններ, պիտի շատ ավելի շնորհակալ լինեն։ Մեր անցած ճանապարհով մենք բերել ենք նրան, որ այլևս ՊՆ-ն չի պայքարում մեր դեմ։ Դա տարիների ճանապարհ էր՝ 2016 թիվը, 2020 թիվը, Ջերմուկի դեպքերը։ Բայց պիտի նաև հասկանան, որ դրա ժամանակը չի՝ ՊՆ-ում տարբեր որոշում ընդունող պաշտոնյաներ։ Իրենք պիտի հիշեն, որ ոչ միայն բյուրոկրատ են, այլ՝ սպա, ոչ միայն պիտի թղթերի վրա տանկերի մաշվածությունը քչացնեն, այլ՝ իրականում հայրնիքը պաշտպանեն։ Իսկ հայրենիք պաշտպանելու համար շատ արագ ու մեծ փոփոխություններ է պետք անել և՛ ՊՆ-ում, և՛ քաղաքացիական մոբիլիզացիոն ռեսուրսի կառույցում, և՛ ընդհանուր պետական պաշտպանական համակարգում»։

Կա՞ մեկ-երկու առաջարկ, որ կցանկանայիք ընդունվեր առաջնահերթորեն․ «Մենք չունենք լեռնային հրաձիգներ․ այդ մասին հոգնեցի ասելով։ Մենք ունենք երկու մեծ լեռնային հրաձիգների զորամաս, որ ժամանակին թուրքերին բավական լուրջ ջարդ տալով՝ հետ են շպրտել․ Քարվաճառի բրիգադն ու Քարվաճառի 105-րդ առանձին գունդն են, բայց իրենք լեռնային կոչվելով՝ լեռնային չէին․ կամ լեռնային էին այնքանով, որ ծանր զրահատեխնիկա չունեին։ Իսկ իրական լեռնային լինելը լեռներում շատ քայլելն է, ալպինիզմին տիրապետելը, ձմեռային տրամսպորտային միջոցներ ունենալն ու տիրապետելն է տեխնիկական միջոցներին (դահուկներով սահել, ձնագնաց մեքենա վարել, հատուկ կոշկատակերով քայլել)։ Սա՝ լեռնային հրաձիգների ստորաբաժանումների ստեղծումը, առաջնահերթորեն անհրաժեշտ է այսօր բանակին․ սա ոչ թանկ՝ ոչ մեծ ներդրումներ պահանջող մի լուծում է»,- նշեց Վարդանովը։

Երկրորդն, ըստ նրա, տարածքային պաշտպանության կայացումն է՝ ոչ միայն աշխարհազորի, այլև մոբիլիզացիոն ռեզերվի՝ 35 տարեկանից մեծ՝ բոլորի։ «Իսկ դրա անհրաժեշտությունը վերջերս կրկին ապացուցվեց․ Ջերմուկի դեպքերը ցույց տվեցին, որ մինչև մենք հասանք տեղ, թուրքն ինչքան պետք էր իրեն, եկավ։ Մինչև մենք Երևանից հասնում ենք, նրանք իրենցն արդեն վերցրած են լինում, դրա համար էլ պետք է տարածքային պաշտպանությունը շատ արագ ոտքի կանգնեցնել։ ՊՆ-ում արդեն ղզիկ խանդ չկա ՈՄԱ-ի նկատմամբ։ Իսկ երբ 40-50 հոգի որոշեցինք մարզել երկու գյուղում, այնտեղ լցվեցին ղզիկ խանդոտությամբ ու լավ բան արեցին՝ զինվորական սպաները սկսեցին այդ երկու գյուղերը մարզել։ Մտածում եմ՝ գուցե տարբեր տեղեր գնամ, ղզիկներին դրդեմ աշխատել։ Զորամասերն իրար նայելով՝ սկսեն աշխատել։ Շատ լավ կլինի, որովհետև մեզ պետք է, որ դա լինի համատարած ու շատ արագ։ Մեր բնակչության մեծ մասը Երևանում է․ մինչև այստեղից գնանք-հասնենք Ներքին Հանդ կամ Ջերմուկ, թուրքն ինչքան պետք է կգա, դիրքերը կսարքի ու մենք կգանք-կհանդիպենք դիրքավորված թուրքին ու կսկսենք իրենց բաց դաշտում դիրքեր սարքել»։

Վովա Վարդանովը կրկին ընդգծեց, որ այս երկու կարևոր գործերը կարող են անել առանց շուրջ ծախսերի, առանց միջազգային ճնշումների։ «Եթե նույնիսկ հիմա մեզ զենք չեն վաճառում, չեն կարողանում գտնել մատակարարի, բայց գոնե այս երկուսը կարող են իրենք անել, քանի որ սա ոչ մեկից կախված չէ՝ միայն իրենցից։ Թող դիմեն ալպինիզմի ֆեդերացիային, ՈՄԱ-ին, լեռնային դահուկների մեր դպրոցը բավական ուժեղ է՝ Ծաղկաձորում գործող ինստրուկտորները բավական լավ վարձատրվող, հաստատ շատ ավելի փոքր գումարով կաշխատեն բանակի հետ, կօգնեն, դահուկների վրա կկանգնացնեն այն կլորիկ ֆիզռուկներին, որ կլորիկ են, որովհետև զորամասում անելիք չունեն։ Իսկ եթե լեռնային տեղանքում տեղաշարժվելուն վարժվեն, ավելի քիփլիկ կլինեն, իրենց կանայք իրենց ավելի կսիրեն․ իմ ասածը բոլորին օգտակար կլինի։ Եվ ես համոզված եմ, որ իրենք սա կարող են, ուղղակի բյուրոկրատական-հետադիմական-ուսի վրայից ռուսին՝ շեֆին նայելը, հավանություն փնտրելը պիտի թողնենք, գոնե այս երկու բանն անենք։ Այն, որ միջազգային քաղաքական դաշտում թույլ ենք, որ մեր վարչապետը գնում է ու դրսում արհամարհվում, դա նաև նրանից է, որ այստեղ իր մեջքն ամուր չի»,- նշեց Վարդանովը։

Կարմեն Մարտիրոսյան, Oragir.news