Իրանն ունի ռազմական տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի. Ամերիկացիները կիմանան, երբ մենք դրանք կիրառենք

Մանրամասներ

Իրանն ունի ռազմական տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, եւ ամերիկացիները կիմանան, երբ մենք դրանք կիրառենք։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ ծովակալ Ալի Ֆադավին, հայտնում է Mehr-ը։

Նա նշել է, որ Իրաքի հետ պատերազմի ժամանակ Իրանի զինված ուժերն իրենց ողջ զինտեխնիկան ներմուծում էին դրսից, մինչդեռ այժմ երկիրը մեծ առաջընթաց է գրանցել սեփական պաշտպանական կարողությունների ստեղծման հարցում։

«Մենք չկարողացանք անգամ փշալար արտադրել երկրի ներսում, բայց այսօր մեր ռազմական տեխնիկայի մի մասը վաճառում ենք համաշխարհային տերություններին։ Ոմանք ասում էին, որ մեզ պետք չէ նավակներ եւ ռազմանավեր պատրաստել, եւ մենք պետք է գնենք այս սարքավորումները, բայց մենք կարողացանք արագաշարժ նավակներ արտադրել... Մենք 1984 թվականին Չինաստանից «երկիր-երկիր» հրթիռներ գնեցինք, բայց հետո որոշեցինք ինքներս հրթիռներ արտադրել, եւ այսօր կարողացանք 2000 կիլոմետր հեռահարությամբ թեւավոր հրթիռ արտադրել»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ նախկինում Միացյալ Նահանգները բազմաթիվ ռազմանավեր է ունեցել Պարսից ծոցում, սակայն ամերիկացիներն այսօր չունեն այդպիսի ներկայություն։ «Այսօր ամերիկացիները փախել են տարածաշրջանից՝ չնայած Պարսից ծոցում 373 ռազմանավ եւ ավիակիր ունեին։ Որովհետեւ գիտեին, որ պատերազմի դեպքում ամերիկյան ռազմանավերը խորտակվելու են»:

Ֆադավիի խոսքով՝ «մենք ռազմական ոլորտում ունենք տեխնոլոգիաներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, եւ ամերիկացիները կիմանան դրանց մասին, երբ մենք դրանք կիրառենք»։