Վրաստանում աճել է արտաքին առևտրաշրջանառությունը

Մանրամասներ

Վրաստանի ազգային վիճակագրական (Geostat) տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 228,4 մլն դոլար, ինչը 33,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Geostat-ի փոխանցմամբ, դրանից արտահանումը կազմում է 4 546.0 մլն դոլար (աճը 34 տոկոսով), իսկ ներմուծումը10 682,4 մլն. դոլար (33,3 տոկոսով ավելի): Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 6 136,4 մլն դոլար` արտաքին առևտրաշրջանառության 40,3 տոկոսը։

Ըստ Geostat-ի, 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի արտահանման տասը խոշորագույն գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 78,9 տոկոս։ Արտահանողների առաջատար եռյակը ձևավորվել է հետևյալ կերպ՝ Չինաստան (607,5 մլն դոլար), Ադրբեջան (541,7 մլն դոլար) և Ռուսաստան (530,3 մլն դոլար):

2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանի ներմուծման տասը խոշորագույն գործընկեր երկրների մասնաբաժինն ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 67,4 տոկոս։ Առաջին եռյակում են՝ Թուրքիան (1,916,4 մլն դոլար), Ռուսաստանը (1,416,0 մլն դոլար) և Չինաստանը (921,0 մլն դոլար)։

2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 69,1 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան (2,295,6 մլն դոլար), Ռուսաստանը (1,946,3 մլն դոլար) և Չինաստանը (1,528,4 մլն դոլար)։