Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելը ինչ ա՞. որ վերադառնան մի հարց կտան՝ պարոն Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը. անհետ կորածի հայր. VIDEO

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Տղաս անհետ կորած է համարվում, բայց իմ ստացած տեղեկություններով՝ գերի է, որովհետև տեսնող է եղել, որ ադրբեջանցիները գերի են տարել:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ նշեց անհետ կորածի հայր Վլադիմիր Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք Շուշի քաղաքից են:

Նա պատմեց, որ իր որդին որպես մոբ Հադրութում է եղել.  «Վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը անգամ կարծել են, որ զոհված է, բայց հետո տեսնող է եղել:

Որդուս հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 15-ին: Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չզանգեք: Ու վերջ, էլ կապ չենք ունեցել: Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել մեր գլխին:

Մենք պահանջում ենք բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ: Այսօր Ալիևը ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունեմ, որովհետև երեխաների գլխին սարքում են, դատական գործեր են սարքում, որ նրանք գերիներ չեն հանցագործներ են: Բայց բոլորն էլ գիտեն Ադրբեջանի այդ տակտիկան»:

Անհետ կորածի հայրը նշեց, որ դժգոհ են գերիներին վերադարձնելու գործում իշխանությունների քայլերից՝ Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի, ՊՆ-ի վրա, նրանք էլ՝ ցածր կառույցների վրա.
«Իշխանությունների անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա: Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա:

Կարմիր Խաչը առայժմ անզոր է որևէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի: Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ համապատասխանաբար, իրենցից ցածր կառույցների վրա»:

Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ, անհետ կորածի հայրն ասաց.
«Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է…

Ես ինքս եղել եմ գերի, 1990 թվականին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարին Տակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է:

Հիմա երեխաները կներեն, թե չեն ների… եթե նրանք գան էլ, նրանց համար այլևս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի: Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»:

Մանրամասները՝ տեսանյութում