Ադրբեջանը զբաղված է, Ֆրանսիան ստիպված է Հայաստանի կողմից հանդես գալ, որ այս մեծ առևտրին մասնակից լինի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ֆրանսիայի Սենատի բանաձեւը, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է, պարտադիր ուժ չունի: Այս մասին «Աշխարհում ընթացող գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով քննարկման ժամանակ նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Միաժամանակ պետք է հասկանալ, որ սա քաղաքական նախադեպ է, երբ ԵՄ լոկոմոտիվ երկրներից մեկի Սենատը նման որոշում է կայացնում: Ըստ էության, կոչ է անում գործադիր իշխանությանը շատ հստակ քայլերի գնալ, եւ բնական է, որ ԵՄ շատ երկրների համար սա կարող է լինել նախադեպ: Պետք չէ բացառել, որ նման բանաձեւեր ընդունվեն նաեւ եվրոպական այլ երկրների խորհրդարաններում»,-ասաց նա:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադառնալով, Սենատի բանաձեւ այն հատվածին, որտեղ կոչ է արվում կառավարությանը դիտարկել ադրբեջանական գազի և նավթի ներմուծման վրա արգելանք դնելու հնարավորությունը, նախ նկատեց, որ աշխարհում 4 մեծ ընկերություններ կան էներգետիկ ռեսուրսների ոլորտում, որից երկուսը բրիտանական են, մեկն ամերիկյան, 4-րդը՝ ֆրանսիական, ապա շարունակեց.

««Բրիթիշ պետրոլիումը» Ադրբեջանում 81 մլրդ եվրոյի ներդրումներ է արել, նաեւ մեծ ներդրումներ է արել Միջին Ասիայի երկրներում, հետեւաբար Բրիտանիային պետք են, որ էներգետիկ ուղիներն անցնեն նաեւ Սյունիքով: Եթե նայում ենք այդ համատեքստում, տեսնում ենք, որ Ֆրանսիան, մասնավորապես «Տոտալ» ընկերությունը, դուրս է մնացել այս հնարավոր ապագա նախագծերից: Եվ եթե Ֆրանսիան ուզում է ներկա գտնվել տարածաշրջանի գործընթացներին, Ադրբեջանը զբաղված է Ֆրանսիայի մրցակից Բրիտանիայի կողմից, եւ Ֆրանսիան ստիպված է Հայաստանի կողմից հանդես գալ, որ այս մեծ առեւտրին մասնակից լինի: Հիմա նա կարող է Հայաստանի շահերից հանդես գալ, եթե այդ շահերը հանընկնում են, մյուս կողմից ապագայում կարող է նաեւ առեւտրի մեջ մտնել եւ Հայաստանի շահերը զիջելով ինչ-որ դիվիդենտներ ստանալ Ադրբեջանից ու Թուրքիայից»,-ասաց նա: