Արցախցիները մի հատկություն ունեն, որը նրանց պահել է հայրենի հողում. Ասում են՝ այն կրկին գլուխ է բարձրացնում 30-ամյա թմբիրից հետո

Մանրամասներ
ա

Արցախի նախագահականի նախաձեռնությամբ ու Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Ստեփանակերտում հիմնադրվել է Ռուսական կենտրոն: Նշվում է, որ կենտրոնի գործունեությունն ուղղված կլինի ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի և պատմության մասսայականացմանը։ «Կենտրոնի բացումն առավել քան պահանջված է ներկա պայմաններում», նշել է Արայիկ Հարությունյանը։

Պուտինի երեւանյան այցից առաջ, Երեւանում ռուսական պլանի շուրջ պաշտոնապես հայտարարված իշխանություն-ընդդիմություն կոնսենսուսի ֆոնին պաշտոնական Ստեփանակերտն էլ պետք է միանար որեւէ նախաձեռնությամբ։ Քանի որ Պուտին-հայկական քաղդաս կոնսենսուսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու քաղաքական կարգավորման խնդիրը հանված է, եւ մնում են հումանիտար հարցերը, Ստեփանակերտում ահա հումանիտար միջոցառում են իրականացրել։

Ընդ որում, աշխարհով մեկ ռուսական կենտրոններ բացող Կրեմլի ենթակայությամբ գործող հայտնի կառույցը Արցախում երեւի «ամաչել» է հանդես գալ իր դեմքով, դա պատվիրակելով Արցախի նախագահականին՝ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։

Հարությունյանը, Վարդանյանը, Ծառուկյանը եւ այլոք գործում են Փաշինյանի կառավարության հետ սերտ կապակցված եւ իրականացնում են պատմության գիրկն անցնող Ռուսաստանի քաոտիկ, հոգեվարքային մինի-ծրագրերը։ Նրանց միակ նպատակը սեփական կաշին ու կարողությունը փրկելն է։

Պուտինի այցին նոր «հայանպաստ» երանգ է արդեն տրվել՝ ՀԱՊԿ-ը քննարկելու է Հայաստանին ռազմական օգնության հարցը։ Ճիշտ այնպես, ինչպես Սոչիում ուզեց «հայանպաստ» կետեր մտցնել եռակողմ հայտարարության մեջ, Արցախի կարգավիճակը թողնելով սերունդներին, բայց չկարողացավ։ Կարեւորը սակայն դա չէ, այլ հոգեւոր-մշակութային-հումանիտար եղբայրությունը։ Ըստ այդմ, Պուտինի ամեն այցին Երեւանի մուտքին՝ Իսակովի պողոտայի ծաղր եկեղեցու կողքին նոր եկեղեցի պետք է դնել՝ հաշվելով դրա բոլոր այցելուներին։ 10-12 եկեղեցի իրար կողքի՝ բարեկամության իսկական առհավատչյա։

Սա՝ կարճաժամկետ հեռանկարում։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում պետք է մտածել Ստեփանակերտի մոտ, ռուս խաղաղարար զորքի կառուցած մզկիթի կողքին Պուտինի 33 մետրանոց արձանը տեղադրելու մասին՝ փրկիչ, ուրեմն փրկիչ։ Վերջին հայի գորովալից հայացքի համար։

Ռուս խաղաղապահների «ռազվոդը» Ստեփանակերտի օդակայանում։ Որտեղ մենք՝ այնտեղ խաղաղություն՝ գրված է պաստառին։ Ռուսական խաղաղարարությունը յուրօրինակ է։ Ինչպես հայտնի է, խաղաղարարության համար պատերազմ է պետք։ Ռուսների պարագային՝ իրենց հրահրած պատերազմը։ Իսկ հատկապես հայերի պարագային այն փրկչական պետք է լինի, քանի որ պատերազմը քիչ է՝ այն պետք է լինի ցեղասպանական՝ հայերի ջարդերով ու տեղահանությամբ։

300 տարի առաջ ոտք դնելով տարածաշրջանում՝ ռուսների առաջին գործը Արցախի հայ բնակչության տեղահանությունն էր․ տասնյակ հազարավոր հայեր քշվեցին Մազանդարան, այնտեղից՝ մերձկասպյան ռուսական շրջաններ։ Արցախն «ազատագրելով պարսկական տիրապետությունից», ռուսական հրամանատարությունը ձեռնամուխ եղավ հայ մելիքների իշխանության վերացմանը, Շուշիում նշանակելով մահմեդական կառավարիչ ու նրան զորք ու այլ աջակցություն տրամադրելով։ Քչերը գիտեն, որ Շուշիի մահմեդական կառավարիչները 30 տարի պատերազմ էին մղում Տողի դեմ, որը Արցախի հայկական իշխանության կենտրոնն էր։ Հաջողության չհասնելով մարտի դաշտում, ռուսներն անցան իրենց նախընտրած միջոցին՝ հայերի դեմ ահաբեկչությանը։

Վերջին 35 տարիների պատմությունը բոլորի աչքի առաջ է՝ երկու Կոլցո գործողություն, հայաբնակ շրջանների տեղահանություն՝ սպանություններով ու ահաբեկչությամբ։ Դե, իսկ 2020-ի սեպտեմբերի 27-ի թուրքերի հետ համատեղ ռազմական արշավը՝ հայկական տարածքների ռուս-թուրքական օկուպացիայով, ռուսական փրկչության վերջին արարն էր։

Արցախցիները մի հատկություն ունեն, որը նրանց պահել է հայրենի հողում։ Ասում են՝ այն կրկին գլուխ է բարձրացնում 30-ամյա թմբիրից հետո։ 

Սկզբնաղբյուր