Երեկ ողջ օրը խորհրդարանի «ընդդիմության» ներկայացուցիչների զավեշտալի ու անհեթեթ հիմնավորումները, թե ինչու են վերադարձել խորհրդարան, տպավորություն էին ստեղծում, թե իրենք էլ չեն հասկացել՝ ինչու են բոյկոտել եւ ինչու են վերադառնում։ Իրականում դա վկայում է մեկ բան՝ «ընդդիմությունը», ինչպես եւ քպ-ական իշխանությունը, գործում է արտաքին հրահանգներով, տվյալ պարագային՝ ռուսական։
17+1-ի շարժումը, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու, բոյկոտի որոշումները, դիմադրության շարժումը եւ ներկայիս վերադարձը Կրեմլի՝ հայկական ուղղությամբ պլանավորման մեջ ռուսանպաստ «ընդդիմության» գործառույթի դրսեւորումներն են՝ ֆինանսական ու քարոզչական ահռելի ռեսուրսի տրամադրմամբ։ Նպատակը՝ Փաշինյանի իշխանության պահպանումը «մահակի» կարգավիճակով եւ Հայաստանը ռուսական ծրագրերի, իրականում՝ ռուս-թուրքական ծրագրերի ծիրում պահելը։
Ընդամենը մեկ օրինակը բավարար է՝ այս ընթացքում «ընդդիմությունը» առնվազն երկու անգամ վստահ հայտարարեց, թե Փաշինյանի իշխանության օրերը հաշված են։ Որտեղի՞ց էր այդ վստահությունը եւ ինչո՞ւ դա տեղի չունեցավ․ կարծում ենք՝ պատասխանը պարզ է։
Ռուս-թուրքական ծրագրերը հստակ շարադրված են նոյեմբերի 9-ի ու հետագա այլ ստորագրված ու ստորագրվելիք թղթերում, որոնք 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի ընդլայնված կիրառումն են Հայաստանի դեմ եւ ենթադրում են Արցախի ու Նախիջեւանի՝ Բաքվին պատկանելության ճանաչում, Արեւմտյան Հայաստանի հարցի վերջնական փակում, Կարսի, Իգդիրի եւ Հայաստանի Հանրապետության այլ օկուպացված շրջանների՝ Թուրքիային պատկանելության ճանաչում, արտատարածքային ճանապարհներով ՀՀ տարածքի մասնատում եւ «նոր սահմանների» որոշում։
Նիկոլից «արեւմտամետ-սորոսականի» կերպարի կերտումն ուներ հետեւյալ նպատակը՝ դրանով բացատրել ու արդարացնել Ռուսաստանի հակահայ քաղաքականությունը։ Ռուսաստանին Թուրքիայից տարանջատելու եւ Հայաստանի դեմ արշավը «թուրք-ադրբեջանական» ձեւակերպելու նպատակը՝ ռուսական փրկչության կերպարի պահպանում։ Ինչպես քպ-ական իշխանության, այնպես էլ նրա «ընդդիմության» պարագային՝ խորհրդարանում հայկական հիմնարար իրավունքների հիմքով քննարկումների եւ որոշումների բացառում։ Այս երկուսի՝ տարիներ շարունակվող նողկալի բանավեճերն ի վիճակի չեն քողարկել այս հանգամանքը, բավական է միայն հետեւել տեքստերին ու ձեւակերպումներին։ Դրանք հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմի անհրաժեշտ տարր են՝ հայերին հուսալքելու, ռուս-թուրքական պլաններին համակերպելու, որեւէ այլընտրանք բացառելու նպատակով։
Սրանք հիմնական գծերն են։ Հայաստանի դեմ ծրագրերը մտնում են ավարտական փուլ՝ Սոչիի ու «վաշինգտոնյան տարբերակ» կլոունադայով եւ «ռուսական հայանպաստ առաջարկներով», որոնք նույնքան արժեք ունեն, որքան հայ-ռուսական դաշնակցային մակուլատուրան։ Սակայն այդ հիմքով իշխող ու «ընդդիմադիր» խմբակների միջեւ պետք է հաստատվեր ռուսական պլանի շուրջ «ազգային կոնսենսուսը», ինչը եւ տեղի ունեցավ Սոչիից հետո՝ Փաշինյանի ու «ընդդիմության» ծրագրային ելույթները նույնական են բովանդակությամբ ու ձեւակերպումներով։
Այդ կոնսենսուսն անհրաժեշտ է Պուտինի այցի նախօրեին եւ փշալարերով պատված խորհրդարանում առաջիկայում «խաղաղ օրակարգը» վավերացնելու համար։ Եթե չլիներ կոնսենսուսը եւ ընդդիմությունը չդադարեցներ բոյկոտը, վավերացումը լիարժեք լեգիտիմ չէր լինի․ ռուսներին դա պետք չէ։ Ընդդիմությունը կարող է չմասնակցել վավերացման քվեարկությանը, բայց բոյկոտ չպետք է լինի։ Ահա թե ինչու է «ընդդիմությունը» վերադարձել խորհրդարան։
0Comments