Իրանը վերջին մի քանի օրում 2-րդ բողոքի նոտան է հանձնել Ադրբեջանի դեսպանին

Մանրամասներ

1

Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է երկրի ԱԳՆ՝ բողոքի նոտայի հանձնման համար։ Այս մասին նոյեմբերի 14-ին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին, գրում է Regnum գործակալությունը։

«Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են, նրան բողոքի նոտա են տվել»,- ասել է Չաֆին։

Նրա խոսքով՝ դա արվել է Իրանում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների «հանցավոր» գործունեության հետ կապված։ Նա հայտարարել է, որ դեսպանին ներկայացվել են մեղադրանքները հաստատող ապացույցներ և փաստեր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Ադրբեջանը հայտարարել է, որ բացահայտել է «լրտեսական ցանց», որն իբր տեղեկատվություն է փոխանցել Իրանին։ Այս գործով հինգ մարդ է ձերբակալվել։

Նշենք, որ նոյեմբերի 11-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։

Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն էր հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնությունը։

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք էր հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։