ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը որոշել է ի հավաստումն հայ-ռուսական բարեկամության՝ հետ կանգնել շաբաթներ առաջ արած իր՝ ոչ բարեկամական հայտարարությունից, այսպես ասած՝ «զադնի դնել»։ Խոսքը չարաբաստիկ «միջանցքի» մասին նրա հայտարարությանն է վերաբերում։
Քաղաքական կենսագրության պատկառելի ստաժով, տասնյակ ժամերով հարցազրույցներ տված, հանրային ելույթներ ունեցած գործիչը, փաստորեն, կարող է այսօր մի բան ասել, մի քանի օր հետո հրաժարվել սեփական մտքի արգասիքներից, այսինքն՝ հերքել ինքզինքը։ Նման կեցվածքը, համաձայնեք, լրջմիտ, իր ամեն մի բառի համար պատասխանատվություն կրելու պատրաստ ու պատվարժան գործչի բնութագրիչ չէ, եւ այդպիսի գործիչների ասածների նկատմամբ հավատ ընծայողները պետք է համապատասխան հետեւություններ անեն։
Նշենք, որ Հ1-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ նախօրեին տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ շոշափելով Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի թեման, մասնավորապես ասել էր․ «Զատուլինը հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մենք «միջանցք» ենք ստորագրել, եւ նա ասում է՝ գնացեք ստորագրողին հարցրեք, թե ինչու է ստորագրել, սա Ալիեւի նարատիվն է։ Երբ Զատուլինը կրկնում է Ալիեւի միտքը, ե՛ւ ստում է, ե՛ւ դա ուղղված է մեր պետականության դեմ, ձեզնից մեկը էնտեղ չի ասում՝ հարգելի՛ Զատուլին, գուցե դրա՞ համար է Ձեր մուտքն արգելվել, ուզում եք ՀՀ սուվերեն տարածքը վերցնեք ու տաք Ադրբեջանին»։ Արծվիկ Մինասյանը, պարզվում է, չի լսել, որ ռուսաստանցի իր կոլեգան յուրային հեռուստաալիքի հետ զրույցում նման բան է ասել, բայց «դատապարտելի» է որակում ասվածը. «Ցանկացած անձի եմ ես դատապարտում, ով նման բան կասի»:
Լրատվամիջոցներից մեկը, գնալով Պ․ Ղազարյանի խոսքերի հետքերով, Կոնստանտին Զատուլինին այսօր հարցրել է՝ արդյոք վերջինս ասե՞լ է այն, «ինչ Պետրոս Ղազարյանն է նրան վերագրում, եթե այո, ապա ինչի՞ց ելնելով է ասել»։
«Ոչ, ես այդպիսի բան չեմ հայտարարել»,- իր խոսքերից հրաժարվել է ՌԴ պատգամավորը՝ պարզաբանելով․ «Հայկական լրատվամիջոցներից մեկն ինձ հարց տվեց, թե ինչու է ՌԴ-ն ՀՀ-ից պահանջում, որ միջանցք բացի։ Ես ասացի, որ միջանցքի հարցի վերաբերյալ ամեն ինչ ճշտեք Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր վրա է վերցնում կամ չի վերցնում ինչ-որ պարտավորություններ, այդ թվում՝ կապված միջանցքի հետ։ Ահա այն ամենը, ինչ ես ասել եմ դրա վերաբերյալ, ես ոչ մի համաձայնագրի հղում չեմ կատարել։ Դա արդեն հետո սկսեցին գրել, թե Զատուլինը ՀՀ-ին վերագրում է միջանցքի համաձայնություն, մինչդեռ եռակողմ հայտարարության մեջ նման համաձայնություն չկա։ Ես եռակողմ հայտարարությանն ընդհանրապես հղում չեմ արել, դա այդպես են մեկնաբանել հայկական այն ԶԼՄ-ները, որոնք Կառավարության գիծն արդարացնելու շահագրգռվածություն ունեն, բայց ես Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն բանին, որ եթե հաստատվի այն ամենը, ինչ գրված է, այսպես կոչված, «վաշինգտոնյան դեկլարացիայում», ապա «միջանցք» բառն այնտեղ չի օգտագործվում, բայց այնտեղ կա կետ՝ կապված ցամաքային ճանապարհի հետ, որը կարելի է անվանել միջանցք կամ չանվանել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
0Comments